Անցյալում շատ հանցագործություններ չէին բացահայտվում, եւ նույնիկ չէին արձանագրվում, դրնք լատենտային հանցագործություններ էին, որոնց մասին ոչ ոք այդպես էլ չէր իմանում: Այս մասին, այսօր՝ մայիսի 4-ին, կառավարության մոտ լրագրողների հետ զրույցում նշեց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ անդրադառնալով նրան, որ Հայաստանում զգալիորեն աճել են հանցագործությունները:

«Հիմա, քանի որ համակարգը սկսում է լավ աշխատել, բնականաբար, հանցագործությունները ավելի լավ են ֆիքսում: Եթե առաջ չէր բացահայտվում կոռուպցիոն հանցագործություն, դա չէր նշանակում, որ կոռուպցիա չկար, իսկ հիմա ես ուրախանում եմ, որ դրա արձնագրումները ավելի  շատ են»,-ասաց նա:

Հարցին, թե երբ ՀՀԿ խորհրդում Սերժ Սարգսյանի հետ ժողովների էր մասնակցում, արձանագրո՞ւմ էր կոռուպցիայի դեպքերը, նախարարը պատասխանեց. «Ես չինովնիկ չեմ եղել, որ արձանագրեմ, իսկ եթե լինում են մտահոգություններ, միշտ բարձրաձայնել եմ թե հարցաազրույցներով, թե քննարկումների ժամանակ»: