Մեր պետությունն ու պետականությունը միշտ է վտանգի տակ եղել, ուղղակի նախորդ իշխանությունները դրա մասին ոչ խոսել են, ոչ բարձրաձայնել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ անդրադառնալով նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանն այսօր մի խաչմերուկում է, եւ դրված է պետության լինել-չլինելու հարցը, նայած, թե որ ուղղությամբ առաջ կգնա:
Ասլանյանն անդրադարձավ նաեւ Ադրբեջանի հետ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու թեզին. «Եթե նրանք ճանաչեն Հայաստանի տարածքային ամբողջականությունը, պարտավոր են հետ քաշվել մեր տարածքներից, պարտավոր են մեզ թողնել մեր 29 800 քառակուսի կմ-ն:
Բնական է, որ Ադրբեջանը դրան չի համաձայնում, որովհետեւ Ադրբեջանի թուրը հիմա կտրում է: Այ եթե մեր ոչ բարով ընդդիմությունը ոչ թե իր միլիոնները փրկելու, իր լափածը հետ բերելու հետեւից գնար, այլ կանգներ իշխանության կողքին, մենք այսօր ավելի հզոր կլինեիիք: Ալիեւը հայտարարում է, որ Հայաստանը մեծ փողեր է ծախսում ռազմական ուղղությամբ եւ պատրաստվում է ռեւանշի, ես ամեն ինչ անելու եմ, որ թույլ չտամ, որ Հայաստանը ոտքի կանգնի: Եթե Ալիեւը դրսից թույլ չի տալիս, որ Հայաստանը ոտքի կանգնի, ներսից էլ ընդդիմություն կոչեցյալը, որ ամբողջ օրը ստի բուրգի գագաթին է գտնվում, այնպես է խոսում, թե այս երկրում ոչ ոք չի կարող հայրենիքը սիրել»:











