«Նեմեսիսի» արձանի տեղադրումը ողջունում եմ, շատ ճիշտ քայլ էր, Նիկոլ Փաշինյանի արձագանքը, որ միգուցե այդքան էլ ճիշտ բան չի եղել, դատապարտում եմ: Այս մասին այսօր՝ մայիսի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Դա իրենց պարտվողական քաղաքականության, թուրքերի առաջ ծնկելու քաղաքականության շարունակությունն է: Իրենք պետք է հասկանան, որ ցանկացած նոր զիջում թուրքերին բերում է նորանոր պահանջների: Եթե առաջ ասում էին՝ 5 շրջան, այսօր ասում են՝ Արցախը մոռացեք, արդեն խոսում են Զանգեզուրի մասին, իրենց, այսպես կոչված, փախստականների վերադարձի մասին, մինչդեռ էդ մարդիկ իրենց տները վաճառել, գնացել են: Պարզ օրինակ ասեմ. ասում ին՝ Կաշենի հանքը փակեք, ճանապարհը կբացենք: Հանքը փակեցին, ճանապարհը չբացվեց: Ցանկացած պահանջի առաջ ընկրկելը բերում է թուրքերի կողմից ավելի լկտի պահանջների»,-ասաց Խաչատրյանը:
Հարցին՝ հնարավո՞ր է ինչ-որ պահի իսկապես «Նեմեսիսի» արձանն ապամոնտաժվի, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց. «Ես որեւէ բան չեմ բացառում: Այո, Թուրքիան չպետք է մեզ ասի, բայց ասում է, սրանք էլ լսում են: 2021-ի սեպտեմբերին, երբ Էրդողանը թռչում էր ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովին, օդանավակայանում իր նխապայմանները դրեց եւ հիմա բոլոր նախապայմանները հատ-հատ կատարվում են»:











