Բրյուսելում անգամ Մոսկվայում որեւէ փաստաթուղթ չի ստորագրվելու, քանի որ այդ ստորագրությունը կլինի Նիկոլ Փաշինյանի իշխանության վերջը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
«Հիմարություն է կարծելը, թե հարձակման նպատակը բանակացությունների առաջընթացը ձախողելն էր, որովհետեւ առաջընթացի մասին որեւէ ձեւ չի բարձրաձայնվել։ Այս սադրանքներով բանակցությունները չեն ձախողվելու։ Կարծում եմ, որ Բրյուսելում, անգամ Մոսկվայում որեւէ փաստաթուղթ չի ստորագրվելու, քանի որ այդ ստորագրությունը կլինի Փաշինյանի իշխանության վերջը։ Առավել եւս, որ այդ ստորագրումից հետո Արեւմուտքն արդեն պատրաստվում է առաջնորդի ընտրել՝ Ժիրայր Սեֆիլյանը, եւ հակառուսական փուչիկ է փչվում։ Եթե հիմա Նիկոլ Փաշինյանը ստորագրեց փաստաթուղթ, դա կլինի Նիկոլ Փաշինյանի իշխանության վերջը»,- ասաց Հայկ Նահապետյանը։
Նահապետյանի կարծիքով՝ փոխարենը Փաշինյանը այն, ինչ հայտարարում է, որ լինելու է պայմանագրում, գործնականում հանձնում է առանց թղթի։
«Ադրբեջանին ձեռնտու է, որ Նիկոլ Փաշինյանը մնա, իսկ դրա համար ինքը ոչինչ չպետք է ստորագրի, բայց միաժամանակ պետք է տա այն, ինչ խոստացել է։ Իսկ դա կռվով է լինելու։ Մոտ է ժամանակը, երբ Փաշինյանը տարբեր տեղեր տված իր խոստումները պետք է կյանքի կոչի, ցավոք սրտի, զոհերի գնով, որովհետեւ չստորագրել նշանակում է իշխանությունը պահել։ Սա արյունով է արվելու, ինչի դեմ միայն մեկ ճանապարհ կա՝ ՀԱՊԿ խաղաղապահները եւ դիտորդներն այդ սահմաններում»,- նշեց Նահապետյանը։











