Բանակային 3-րդ կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրուվի եւ եւս 12 անձի վերաբերյալ դռնփակ դատական նիստից տեսանյութ է հրապարակել նրա պաշտպան Միհրան Պողոսյանը:

Գործը նախագահող դատավոր Արամ Գրիգորյանը փաստաբանին ասաց, որ դռնփակ դատական նիստերը ձայնագրել չի թույլատրվում, ինչի մասին դատավարության մասնակիցները նախազգուշացվել են:

Միհրան Պողոսյանը հայտարարեց, որ ինքը նախազգուշացված է պետական գաղտնիք չհրապարակել:

Դատարանը հայտարարեց, որ արգելում է տեսաձայնագրություն իրականացնել. «Դուք պետք է ենթարկվեք դատարանի պահանջներին»:

Պողոսյանն ասաց, որ ինքը տեսաձայնագրություն է իրականացնում, քանի որ պետական գաղտնիք չի հրապարակվում այս պահին:

«Ձեզ նախազգուշացնում եմ, որ այլեւս նման վարքագիծ չդրսեւորեք, անջատեք հեռախոսը»,- ասաց դատավորը:

Ըստ փաստաբանի՝ որեւէ տեղ արգելված չէ, որպեսզի պաշտպանությունն իրականացվի այն միջոցներով, որոնցով որ օրենքը չի արգելում պաշտպանությունը իրականացնել. «Դատարանի անօրինական գործողություններ են իրականացվում, ես այդ հիմքով իրականացնում եմ ձայնագրություն: Երբ կհրապարակվի պետական կամ ռազմական գաղտնիք, այդ ժամանակ խնդրում եմ իմ նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել: Պարոն Ենոքյանը ձեր գործողությունների դեմ առարկություններ է ներկայացնում: Առարկություններն իրենցում որեւէ պետական ու ռազմական գաղտնիք չեն պարունակում: Ես կանջատեմ միայն այն ժամանակ, երբ դատավարությունը վերադառնա Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված բնականոն հունը»:

Դատարանը նկատողություն տեսակի դատավարական սանկցիա կիրառեց Պողոսյանի նկատմամբ. «Ձեզ զգուշացվում է, որ այսուհետ դրսեւորեք պատշաճ վարքագիծ դատական նիստի ժամանակ»:

Տեսանկարահանում իրականացնելու ընթացքում դատավորի եւ փաստաբանի միջեւ վիճաբանություն տեղի ունեցավ:

«Ես ձեզ հորդորում եմ»,- ասաց Պողոսյանը:

«Դուք չեք կարող հորդորել»,- արձագանքեց դատավորը:

«Էդ մեղադրողը կարող է ձեզ հորդորել, պաշտպանության կողմը չի՞ կարող, թե՞ դատախազության կողմից հորդորվելը լավ ա ստացվում»:

Դատարանը հայտարարեց 10 րոպե ընդմիջում:

Հիշեցնենք, որ վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 3 դրվագ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում եւ պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ)

Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Մանուկ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ),իսկ ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովին` ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով եւ պաշտոնեական դիրքն օգտագործելով)։

Մեղադրանք է ներկայացվել նաեւ «Մոսթոն Ինժիներինգ» ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 325-րդ հոդվածի 1-ին մասով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն եւ փաստաթղթի կեղծում) եւ եւս 9 անձի: