Փաստաբան, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը տարօրինակ է համարում ՀՀ Քննչական կոմիտեի հայտարարությունը, որում նշված է, որ Աշոտ Փաշինյանի առերևույթ առևանգման գործով ձերբակալված է միայն մեկ անձ՝ զոհված զինծառայողի ծնող Գայանե Հակոբյանըմ այնինչ ի սկզբանե ձերբակալվել էր 4 ծնող։
«Այս պահի դրությամբ, այո, ձերբակալված է Գայանե Հակոբյանը, բայց մեր աչքի առաջ ձերբակալվել է առնվազն ևս երկու հոգի՝ շատ կոշտ ձևով․ երկու ծնող։ Բա էդ մարդիկ ձերբակալվա՞ծ չէին։ Ես նոր իրենց հետ խոսեցի, որևէ մեկին ազատ արձակման մասին թուղթ չեն տվել։ Այսինքն, Քննչական կոմիտեն, երբ հաղորդագրություն է տվել, այդ պահին գուցե մեկ ձերբակալված է եղել, բայց ի սկզբանե եղել է առնվազն երեք ձերբակալված։ Եվ մյուս երկուսին որևիցե թուղթ չեն տվել, որ մենք կարողանանք վիճարկել նրանց ձերբակալման իրավաչափությունը։ Եթե դա հրավեր է եղել, այդպիսի հրավեր ոստիկանություն չեն ուղարկում, ժողովրդական լեզվով ասեմ՝ «կանդալներով» մարդուն ոստիկանություն չեն հրավիրում»,- լրագրողների հետ զրույցում շեշտեց իրավապաշտպանը։
Նա տեղեկացրեց՝ այս պահին ընթանում է Գայանե Հակոբյանի հարցաքննությունը։
«Նա 72 ժամվա ձերբակալման ռեժիմում է, կարող է ազատ արձակվել քննիչի որոշմամբ, բայց եթե ոչ մի այլ որոշում չկայացվի, նա 72 ժամ ռեժիմով մնալու է անազատության մեջ, հետո էլ կարող են կալանավորման հարց բարձրացնել կամ չբարձրացնել։ Այս պահին քննչական գործողություններ են կատարվում»,- ասաց Ռուբեն Մելիքյանը։











