Հայաստան ներմուծված աննախադեպ քանակի ֆենտանիլ տեսակի թմրամիջոցը հայտնաբերվել է քաղցրավենիքի փաթեթի մեջ, որն ուղարկված է եղել ՀՀ քաղաքացի Է. Մ.–ի անունով։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՊԵԿ-ից:

Աննախադեպ քանակի ֆենտանիլ տեսակի թմրամիջոցի մաքսանենգության դեպքի մասին ավելի վաղ հայտնել էր ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

«ՀՀ քաղաքացու անվամբ ներմուծված առաքանին, որում առկա քաղցրավենիքի փաթեթի միջից հայտնաբերվել է ֆենտանիլ տեսակի թմրամիջոցի 80 հաբ։ Հիշյալ առաքանին ստանալիս ՀՀ քաղաքացին ձերբակալվել է և տեղափոխվել բնակության վայր, որպեսզի նրա բնակարանում խուզարկություն անցկացվի։ Բնակարանում հայտնաբերվել է 2 հատ «Մակարով» տեսակի հրազեն` լիցքավորված մարտական փամփուշտներով։ Եղել են նաև բազմաթիվ օգտագործված ներարկիչներ` թմրամիջոցների հետքերով։ Հայտնաբերվել են նաև բազմաթիվ տարաներ` կրկին թմրամիջոցներով»,– ասված է հաղորդագրությունում։

Մեկ այլ դեպքում էլ Երևանում բնակվող ԱՄՆ քաղաքացու անվամբ Հայաստան է ներմուծվել թմրամիջոցի պարունակությամբ առաքանի։ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է նշված քաղաքացու ինքնությունը, նա Ա.Ք.–ն է։ Վերջինիս անվամբ ներմուծվող առաքանու մեջ թաքցված է եղել 10.8 գրամ հերոին և թաքցված է եղել առաքանու իրերի մեջ։

ԱՄՆ քաղաքացին ձերբակալվել է այդ առաքանին ստանալիս։

Պարզվել է, որ այս 2 անձինք փոխկապակցված են միմյանց հետ։