Կա «մարտեր առանց կանոնների« սպորտաձեւ, բայց այնտեղ էլ որոշակի կանոններ կան, իսկ այստեղ ինձ հայտնի չէ, թե ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն ինչպիսի կանոններով է առաջնորդվում: Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին, ԲԴԽ շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը:
Նշենք, որ ԲԴԽ նիստում քննվում է Դավիթ Հարությունյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը, իսկ քիչ առաջ ԲԴԽ-ն արդարադատության նախարարության միջնորդությամբ որոշեց, որ նիստը պետք է դռնփակ անցկացվի:
Դատավոր Դավիթ Հարությունյանն ասաց, որ ավելի ուշ կասի, թե ինչ է խոսել կամ արել, որ զայրացրել է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին. «Այդ մասին՝ ավելի ուշ»:
Նա ասաց, թե իր համար պարզ չէ, թե ԲԴԽ-ն ինչ հիմքով է որոշել կարգապահական պատասխանատվության ենթարկել իրեն։
«Խոսքի ազատության սահմանափակման վերաբերյալ միջնորդություն է այստեղ քննարկվում: Ըստ իրենց, ես վիրավորել եմ, թե ինչ եմ արել, ինձ մեղադրանքն էլ պարզ չէ, թե, իրականում, իրենք ինչ են գրել։ Իմ բոլոր հորդորները, որ պարզաբանեն ընթացակարգերը, իմ իրավունքները, բնականաբար, մնացել են օդում, որևէ պարզաբանում չկա», - ասաց դատավորը։
Նա նշեց, որ թե՛ իր, թե՛ իր փաստաբանի համար անհասկանալի են, թե ինչ է տեղի ունենում ԲԴԽ նիստում. միջնորդել են հետաձգել նիստը. «Պատրաստվում եմ նաեւ հանցագործության մասին հաղորդում կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդություն ներկայացնել Կարեն Անդրեասյանի վերաբերյալ՝ դատական նիստում արտահայտած մտքերի, սպառնալիքների հետ կապված։ Կարգադրիչներին հրահանգեց իմ գույքը դուրս բերել, ասացի՝ իրավունք չունի, ասաց՝ ուժի կիրառմամբ դա կանի», - հայտարարեց Դավիթ Հարությունյանը՝ հավելելով, որ այդ խոսակցության կրիչն է պահանջել, մինչ այս պահը չեն տվել:
Հարցին, թե իր կարծիքով կա՞ դատավորների ազատ խոսքը ճնշելու միտում ԲԴԽ-ի կողմից, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Ես համապատասխան միջնորդությամբ հանդես եմ գալու, որ Կարեն Անդրեասյանը եւ Գրիգոր Մինասյանը ոչ թե միտում ունեն, այլ հստակ նպատակ, որը շարունակական քայլերով իրականացնում են: Ուզում են ստանալ դատավորների խոսքի ազատության սահմանափակում, ազատ արտահայտվելու, դատական իշխանությանը վերաբերող հարցերից խոսելուց զերծ պահելու ցանկություն»:
Դատավորը վստահություն հայտնեց, որ իր լիազորությունները դադարեցնելու ցանկություն կա. «Իսկ թե ես ինչ կանեմ, բոլոր իրավական գործիքազմից կօգտվեմ»:
Նշենք, որ դատական նիստը կշարունակվի վաղը՝ ժամը 10։00-ին։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել։ Վարույթ հարուցելու հիմքը դատավորի տված հարցազրույցն է եղել: Խոսքը, մասնավորապես, ապրիլի 7-ին՝ Դատավորների ընդհանուր ժողովի օրը, լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի մասին է:
Նա անդրադարձել էր ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հայտարարությանը, եւ այն անթույլատրելի համարել: Հիշեցնենք՝ ընդհանուր ժողովի օրակարգում ԲԴԽ դատավոր-անդամի ընտրության հարցն էր։ Դրա նախօրեին ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը մամուլի քարտուղարի անունից հաղորդագրություն էր տարածել, որով, ըստ էության, փորձել էր ուղղորդել դատավորներին ընտրությունից առաջ։ Դատավորներն, այդուհանդերձ, ԲԴԽ դատավոր անդամ չեն ընտրել Կարեն Անդրեասյանի թեկնածուին՝ Ռուբիկ Մխիթարյանին՝ իրենց քվեն տալով դատավոր Արշակ Վարդանյանին, որն ունի անկախ դատավորի համբավ։
Նշենք նաեւ, որ Կարեն Անդրեասյանն իր մամուլի խոսնակի միջոցով պարզաբանել էր, որ ինքը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել: «Վաղը կայանալիք դատավորների ընդհանուր ժողովին ընդառաջ՝ առանձին անհատներ փորձում են սուտ տեղեկություններ տարածել (նաեւ իրենց մերձավոր լրատվամիջոցով), որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը, իբր, պատրաստվում է հեռանալ պաշտոնից: Վստահաբար, բոլոր տեղյակ եւ վերլուծող մարդիկ հասկանում են, որ նման տեղեկության տարածումը կարող է շահավետ լինել վաղը կայանալիք ԲԴԽ անդամի ընտրության միայն այն թեկնածուին, ով հույս ունի ընտրվել դատավորների հուսալքության հենքի վրա»,- ասվել էր պարզաբանման մեջ:











