Սա խայտառակ իրողություն է, Կարծում եմ՝ Կարեն Անդրեասյանն առհասարակ, կորցրել է իրականության հետ կապը, որովհետեւ նման պայմաններով, նույն հիմքերով իմ վերաբերյալ կարգապահական վարույթը քննվել է դռնբաց եւ այդպես էլ պետք է լիներ: Այս մասին, այսօր՝ հունիսի 19-ին, ԲԴԽ-ի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց արդեն նախկին դատավոր Զարուհի Նախշքարյանը՝ անդրադառնալով նրան, որ ԲԴԽ-ում դատավոր Դավիթ Հարությունյանին նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը ննվում է դռնփակ ռեժիմով:
«Այլ կերպ հնարավոր չէ քննարկել հրապարակային ասված խոսքի իրավաչափությունը կամ անօրինական լինելը: Այսնքն ԲԴԽ-ի այս կարգապահական վարույթի քննության հիմնական առաքելությունը պետք է լիներ թափանցիկությունը, որ պարզ դառնար, թե դատավորը որ դեպքերում, որ արտահայտությունների համար եւ ինչ պայմաններում ասված խոսքի դեպքում կարող է պատասխանատվության ենթարկվել: Դա հենց հասարակության համար է իրականացվում: Եթե դու հասարակությանը մեկուսացնում ես նման վարույթից, նշանակում է՝ դատական նիստի ընթացքում դու կարող ես անել ինչ ուզում ես, եւ կարող ես առհասարակ քննարկել բոլորովին վարույթի հետ չառնչվող հարցեր, կամայական որոշումներ կայացնել:
Ես որպես քաղաքացի, ներկայումս որպես փաստաբան, իրավունք ունեմ մտածել, որ ԲԴԽ-ի դռների հետեւում տեղի է ունենում անօրինական գործողություն: Ես վստահ եմ, որ Կարեն Անդրեասյանը վախեցավ լրագրողների, փաստաբանների եւ դատավորների ներկայությունից եւ նման որոշում կայացրեց»,-ասաց Նախշքարյանը:
Նա հայտարարեց, որ իշխանությունները դատավորների որս են իրականացնում, եւ դա ուղղված է դատական իշխանության անկախության կործանմանն ու ոչնչացմանը: «Կարեն Անդրեասյանը գործում է շատ անկաշկանդ ու բաց, այլեւս որեւէ վախ միջազգային կառույցների հանդեպ, քիչ, թե շատ հասարակության մեջ ընդունված սկզբունքները պահելու խնդիր այլեւս դրված չէ: Այս գործընթացը եկավ ապացուցելու, որ պարոն Անդրեասյանը թքած ունի Եվրոպական դատարանի բոլոր ռեզոլյուցիաների վրա, իրեն չի հետաքրքրում այլեւս, թե ինչ արձագանք կունենա բոլոր ժողովրդավար պետություններում եւ համապատասխան միջազգային կառույցներում իր գործողությունները: Ես կարծում եմ՝ ընդհանրապես կարող են նիստ չանել, որոշումը կայացնեն ու վերջ»,-ընդգծեց նախկին դատավորը:
Նշենք, որ ԲԴԽ նիստում այսօր՝ քննվում էր Դավիթ Հարությունյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը, նիստն անցկացվում էր դռնփակ ռեժիմով: Հաջորդ նիստը կլինի վաղը՝ ժամը 10-ին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել։ Վարույթ հարուցելու հիմքը դատավորի տված հարցազրույցն է եղել: Խոսքը, մասնավորապես, ապրիլի 7-ին՝ Դատավորների ընդհանուր ժողովի օրը, լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի մասին է:
Նա անդրադարձել էր ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հայտարարությանը, և այն անթույլատրելի համարել: Հիշեցնենք՝ ընդհանուր ժողովի օրակարգում ԲԴԽ դատավոր-անդամի ընտրության հարցն էր։ Դրա նախօրեին ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը մամուլի քարտուղարի անունից հաղորդագրություն էր տարածել, որով, ըստ էության, փորձել էր ուղղորդել դատավորներին ընտրությունից առաջ։ Դատավորներն, այդուհանդերձ, ԲԴԽ դատավոր անդամ չեն ընտրել Կարեն Անդրեասյանի թեկնածուին՝ Ռուբիկ Մխիթարյանին՝ իրենց քվեն տալով դատավոր Արշակ Վարդանյանին, որն ունի անկախ դատավորի համբավ։
Նշենք նաև, որ Կարեն Անդրեասյանն իր մամուլի խոսնակի միջոցով պարզաբանել էր, որ ինքը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել: «Վաղը կայանալիք դատավորների ընդհանուր ժողովին ընդառաջ՝ առանձին անհատներ փորձում են սուտ տեղեկություններ տարածել (նաև իրենց մերձավոր լրատվամիջոցով), որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը, իբր, պատրաստվում է հեռանալ պաշտոնից: Վստահաբար, բոլոր տեղյակ և վերլուծող մարդիկ հասկանում են, որ նման տեղեկության տարածումը կարող է շահավետ լինել վաղը կայանալիք ԲԴԽ անդամի ընտրության միայն այն թեկնածուին, ով հույս ունի ընտրվել դատավորների հուսալքության հենքի վրա»,- ասվել էր պարզաբանման մեջ:











