Փաստաբանների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանները ոչ թե պետք է աշխատանքից ազատվեն, այլ քրեական պատասխանատվության ենթարկվեն, որովհետեւ կատարվել է հանցագործություն: Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, ԲԴԽ-ի բակում՝ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը:

Նշենք, որ բռնության դեպքերով պայմանավորված՝ փաստաբանները մեկօրյա գործադուլ են իրականացնելու:

Փաստաբան Լուսինե Սահակյանն ասաց, որ ինքն էլ է միանալու գործադուլին, սակայն մեծ սպասելիքներ չունի. «Ինձ համար անկհայտ է, որ այս բոլոր գործընթացները ուղիղ հրահանգավորմամբ են կատարվում: Սա ընդամենը մի ոստիկանի գործողություն չէ, սա շարունակական բնույթ է կրելու, մենք մինչեւ վերջ պետք է պայքարի նրա համար, որ ոչ թե նրանք աշխատանքից ազատվեն, այլ քրեական պատասխանատվության ենթարկվեն, որովհետեւ կատարվել է հանցագործություն»:

Սահակյանի խոսքով՝ իրավապահները պետք է իմանան, որ յուրաքանչյուր գործողություն, որն իրենց կողմից կնախաձեռնվի ընդդեմ փաստաբանի, ապա կենթարկվեն պատասխանատվության.

«Գուցե այդ դեպքում, երբ նրանք հրահանգ ստանան նման ապօրինություներ կատարելու, իրենք ականջալուր չեն լինի եւ այդ գործողությունները չեն շարունակի: Բայց այն, որ մենք պետք է փորձենք պայքարել եւ գուցե դա մի փուլի հնարավոր է արդյունք տա, եթե ներպետական ատյաններում չտա, ապա արդեն Եվրոպական դատարանում արդյունք կտա, դա ակնհայտ է»:

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին փաստաբան Կարեն Ալավերդյանը ոստիկանական բաժանմունքում ոստիկանների կողմից բռնության էր ենթարկվել այն բանից հետո, երբ փորձել է կանխել իր պաշտպանյալի նկատմամբ ոստիկանների բռնությունը։

Ավելի վաղ այդպիսի բռնության դեպք էր տեղի ունեցել նաեւ փաստաբաններ Մարզպետ Ավագյանի ու Էմանուել Անանյանի նկատմամբ: Դեպքը տեղի էր ունեցել ոստիկանության Էրեբունու բաժնում, որտեղ փաստաբանները ներկայացնում էին իրենց անչափահաս պաշտպանյալի շահերը։