ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը մերժեց դատավոր Դավիթ Հարությունյանի կողմից նրան ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը: Այս մասին այսօր՝ հունիսի 23-ին, ԲԴԽ-ի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Հարությունյանի փաստաբան Երեմ Սարգսյանը:
«Մենք ներկայացրել ենք երկրորդ բացարկի միջնորդությունը՝ կապված այն բոլոր մասսայական խախտումների հետ, որոնք առաջին պահից տեղի են ունեցել: Քանի որ ԲԴԽ որոշումը բողոքարկման ենթակա չեն, հետեւաբար պետք է այստեղ առավել զգուշություն ցուցաբերել, բոլոր կարգերն այնքան խստորեն պետք է պահպանվեն, որ այդ որոշումը կասկածի տեղիք չտա: Սակայն մենք տեսնում ենք, որ առաջին իսկ պահից Անդրեասյանը բոլոր եղանակներով կարգերը, իրավունքները խախտում է եւ սահմանափակում: Երբ Հարությունյանն ուզում է որեւէ միջնորդության վերաբերյալ կարծիք արտահայտել, ասում է՝ թույլ չեմ տալիս: Այսինքն՝ միջնորդությունը քննարկվում է անհավասարության պայմաններում, սա լսված լինելու իրավունքի կոպտագույն խախտում է»,- ասաց փաստաբանը:
Երեմ Սարգսյանն ասաց, որ ինքնաբացարկ հայտնելու հիմքերից է Կարեն Անդրեասյանի կանխակալ վերաբերմունքը Դավիթ Հարությունյանի նկատմամբ.
«Պարոն Հարությունյանն իր խոսքում ասաց՝ եթե հիմա ես քննադատեմ ԲԴԽ կոնկրետ որոշումը, պետք է ասեք, որ անհարգալից վերաբերմունք եմ դրսեւորե՞լ, պարոն Անդրեասյանն արձագանքեց՝ դուք արդեն բազմաթիվ անգամներ անհարգալից վերաբերմունք դրսեւորել եք: Այսօր քննարկվում է՝ արդյո՞ք պարոն Հարությունյանը քննադատելով ԲԴԽ-ին, անհարգալից վերաբերումք է դրսեւորե՞լ, թե՞ ոչ, պարոն Անդրեասյանն արդեն կանխակալ վերաբերմունք է արտահայտում»:
Նշենք, որ վարույթ հարուցելու հիմքը դատավորի տված հարցազրույցն է եղել: Խոսքը, մասնավորապես, ապրիլի 7-ին՝ Դատավորների ընդհանուր ժողովի օրը, լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի մասին է: Նա անդրադարձել էր ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հայտարարությանը, եւ այն անթույլատրելի համարել: Հիշեցնենք՝ ընդհանուր ժողովի օրակարգում ԲԴԽ դատավոր-անդամի ընտրության հարցն էր։ Դրա նախօրեին ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը մամուլի քարտուղարի անունից հաղորդագրություն էր տարածել, որով, ըստ էության, փորձել էր ուղղորդել դատավորներին ընտրությունից առաջ։ Դատավորներն, այդուհանդերձ, ԲԴԽ դատավոր անդամ չեն ընտրել Կարեն Անդրեասյանի թեկնածուին՝ Ռուբիկ Մխիթարյանին՝ իրենց քվեն տալով դատավոր Արշակ Վարդանյանին, որն ունի անկախ դատավորի համբավ։
Նշենք նաեւ, որ Կարեն Անդրեասյանն իր մամուլի խոսնակի միջոցով պարզաբանել էր, որ ինքը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել: «Վաղը կայանալիք դատավորների ընդհանուր ժողովին ընդառաջ՝ առանձին անհատներ փորձում են սուտ տեղեկություններ տարածել (նաեւ իրենց մերձավոր լրատվամիջոցով), որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը, իբր, պատրաստվում է հեռանալ պաշտոնից: Վստահաբար, բոլոր տեղյակ եւ վերլուծող մարդիկ հասկանում են, որ նման տեղեկության տարածումը կարող է շահավետ լինել վաղը կայանալիք ԲԴԽ անդամի ընտրության միայն այն թեկնածուին, ով հույս ունի ընտրվել դատավորների հուսալքության հենքի վրա»,- ասվել էր պարզաբանման մեջ:











