Վկայակոչվող հանգամանքների վրա հասնելուց հետո էլ ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը եղել է Հայաստանի Հանրապետությունում, եւ նրա ներկայությունը բացասաբար չի անդրադարձել: Այս մասին այսօր՝ օգոստոսի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Փափազյանի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը:
Նշենք, որ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան արգելված է եւ նա անցանկալի անձանց տվյալների բանկ է մուտքագրվել՝ անվտանգային նկատառումներից ելնելով:
«Ավելին, գիտենք, որ միջազգայնորեն հայանպաստ գործունեությամբ է զբաղվում, այդ թվում՝ Արցախյան հիմնախնդրի առնչությամբ: Վերջիվերջո մենք գիտենք, որ անգամ ադրբեջանցիների ֆիզիկական ներկայությունը Հայաստանում ապահովում է անվտանգային միջոցառումներով, օրինակ՝ սպորտային միջոցառումների ժամանակ Հայաստանը հյուրընկալում է նաեւ այնպիսի երկրների քաղաքացիների, որոնց հետ մենք ունենք լուրջ անվտանագային մարտահրավերներ, պարզապես ուժեղացված հսկողության ներքո նրանք ներկա են գտնվում, իրենց սպորտային խնդիրները լուծում եւ ապահով վերադառնում են հայրենիք: Արդար դատաքննության իրավունքը կարեւոր երաշխիքներ ունի, այդ թվում՝ անձամբ ներկա գտնվելը, ուստի մեծ ցանկության պարագայում հնարավոր էր նաեւ այս միջոցների կիրառմամբ ժամանակավորապես ապահովել ֆիզիկական ներկայությունը»,- նշեց Սիրանուշ Սահակյանը:
Սահակյանը շեշտեց, որ իրենք այդ արգելքը կապում են անձի գաղափարախոսության եւ գործունեության հետ.
«Իրականում անձը ՀՀ-ի անվտանգությանը, շահերին սպառնացող գործողություններ չի իրականացրել, բայց աչքի է ընկել իր ընդդիմադիր կեցվածքով, որը ոչ թե ուղղված է եղել Հայաստանին, այլ հանրային իշխանություն կրող որոշ պաշտոնյաների դեմ եւ այստեղ Հայաստանի շահը նույնացվել է պետական-քաղաքական գործիչների մասնավոր շահերի հետ»:
Սիրանուշ Սահակյանն ասաց, որ իրենք չեն սահմանափակվելու Հայաստանի ազգային դատարաններով.
«Ապավինում ենք, որ հնարավոր է որոշակի արդարացի լուծումներ ստանալ Հայաստանում, բայց եթե անգամ դրանք ստացվեն, ապա մենք երկարաժամկետ ենք այս գործընթացին վերաբերում եւ այս խնդիրները բարձրաձայնելու ենք Եվրոպական դատարանում: Այստեղ գործը շահելու պարագայում մենք ունենանք նաեւ մեծ վարկանիշային անկում: Չէի ցանկանա, որ այս հարցով Հայաստանի դեմ վճիռներ լինեին: Այս դեպքն ինձ հիշեցնում է Կոքսն ընդդեմ Թուրքիայի գործը, որտեղ օտարերկրացի պատմաբանը իր դասավանդման ընթացքում Հայոց Ցեղասպանության վերաբերյալ տեսակետներ էր արտահայտել, որը բախվել էր թուրքական քարոզչամեքենայի վարկածների հետ եւ նրա մուտքն արգելել էին Թուրքիա, բայց արգելել էին անվտանգային նկատառումներ վկայակոչելով, որը Եվրոպական դատարանը գտավ, որ հիմքը մտացածին է, իրականում խոսքի ազատությանը միջամտելու, սահմանափակելու նպատակով է այս արգելքը կիրառվել: Մենք նույնպես կարծում ենք, որ Արցախին եւ Հայաստանին առնչվող հարցերին հայրենասիրական գաղափարախոսությունն է հիմք ծառայել, որպեսզի Մուրադ Փափազյանի մուտքը արգելվի Հայաստանի Հանրապետություն, որը կապված է իրավունքների իրացման հետ, իսկ անվտանգային նկատառումները որպես պատրվակ են օգտագործվում արդարացնելու այս միջոցառումը»:











