Ես այսօր կոչ եմ անում բոլոր ազնիվ, ազգանվեր, պարկեշտ եւ գործուն հայերին զբաղվել քաղաքականությամբ, քանի որ եթե չզբաղվենք մենք, այդ թափուր տեղը կլցնեն տականքները եւ նրանց կողմից պարտադրված մահաբեր քաղաքականությունը կզբաղվի մեզանով: Այս մասին այսօր Շառլ Ազնավուրի հրապարակում «Մայր Հայաստան» դաշինքի հրավիրած հանրահավաքին ասաց դաշինքի անդամ, 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը:
«Մեր հազարավոր զոհերի եւ հարյուրավոր գերիների մեջ որեւէ մեծահարուստի զավակ չկա, եւ դա զարմանալի չէ, քանի որ բանակից խուսափելու այդ արատավոր երեւույթը մեր երկրում իշխում է տասնամյակներ շարունակ եւ այնպիսի տպավորություն էր, թե բանակում ծառայելը եւ հանուն հայրենիքի զոհվելը միայն հասարակ ժողովրդի պարտականությունն է»,-ասաց նա:
Նաիրա Մելիքյանի կարծիքով՝ պատերազմը հնարավոր դարձավ, քանի որ իշխանության բերվեց «տգետ, ծախու, սրբապիղծ, անհավասարակշիռ» մեկը, որ որեւէ աղերս չունի հայկականության հետ. «Հակառակը՝ նա ատում է ամեն ինչ, ինչ կապված է հայկական ինքնության հետ՝ հայոց բանակը, հայ առաքելական եկեղեցին, հայոց պետականությունն ու հայ ժողովրդին: Ես ուզում եմ ասեմ բոլոր նրանց, որ ասում էին՝ ով ուզում է լինի, միայն ոչ նախորդ իշխանությունը, հիմա հասկանում են «ով ուզում է լինի»-ի գինը: Եւ գիտեք ինչն է տարօրինակ, որ մենք այս ամենից հետո հանդուրժում ենք այս իշխանություններին: Լավ, ինչքա՞ն կարելի է, ինչպես կարելի է հանդուրժել այս ստորացուցիչ գոյությունը, մենք չենք ամաչո՞ւմ ինքներս մեզնից, եթե մենք ինքներս մեզ չենք հարգում, լավ ո՞վ պետք է մեզ հարգի: Վերջերս տեսա, թե Սյունիքում ինչպես է զոհվածի մայրը դիմավորում Նիկոլին,միայն մի բան կասեմ. մարդն անասունից տարբերվում է հիշողությամբ», - ասաց նա:
Նաիրա Մելիքյանը եզրափակելով խոսքը ասաց, որ իշխանություններին հեռացնելու համար անհրաժեշտ է հասարակության լայն զանգվածների համախմբումը. «Առիթից օգտվելով ուզում եմ նաեւ դիմել բոլոր նրանց, ովքեր այսօր բոյկոտում են ավագանու ընտրությունները: Նախ, հիշեցնե, որ սա ավագանու ընտրութուն չէ, սա լինելու, չլինելու ընտրություն է, սա ընտրություն է այն բանի համար, որ Երեւանը չդառնա Էրիվան, որ Սեւանը չդառնա Գյոյչա, որ Տավուշը, Սյունիքը Արցախը մնան հայկական եւ բոլոր նրանց ովքեր այդպիսի կոչեր են անում, ես ուզում եմ ասեմ՝ կողմնորոշվե΄ք, ընկերներ, դուք ում կողմից եք»:











