Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեղեկություն չունի Երասխում կառուցվող հայ-ամերիկյան մետաղաձուլական գործարանի վայրի տեղափոխության մասին։
Պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպես կմեկնաբանի Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանի վայրի փոփոխության մասին լուրերը, փոխվարչապետն ասաց․ «Նման տեղեկություն չունեմ և չեմ կարող ավելի մանրամասն տեղեկություն տրամադրել հետագա զարգացումների մասին։ Կարծում եմ, որ բոլոր պատկան մարմինները զբաղվում են այդ հարցով, որպեսզի ներդրողն ունենա Հայաստանի Հանրապետությունում տնտեսական գործունեություն իրականացնելու լիարժեք կոմֆորտ»,- ընդգծեց Գրիգորյանը։
Փոխվարչապետը վստահեցրեց, որ ամեն ինչ կանեն, որպեսզի ներդրողը ունենա լիարժեք կոմֆորտ, և ներդրումը չվտանգվի։
Հիշեցնենք` հունիսի 13-ից ադրբեջանական կողմը պարբերաբար կրակում է Երասխում կառուցվող մետալուրգիական ձեռնարկության ուղղությամբ։ Հունիսի 14-ին տեղի ունեցած հրաձգության հետևանքով հաստատությունում աշխատող երկու հնդիկ է վիրավորվել։
Մետալուրգիական գործարանը կառուցող «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության տնօրեն Տիրան Հակոբյանը հայտնել էր, որ գործարանի աշխատանքը կաթվածահար վիճակում է։ Դրանց իրականացման ցանկացած փորձի դեպքում շինհրապարակում գտնվող աշխատողներն անմիջապես հայտնվում են Ադրբեջանի զինուժի ուղիղ թիրախում։
Լրատվամիջոցներում էլ պարբերաբար տեղեկություններ են շրջանառվում, որ Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանը հնարավոր է՝ տեղափոխվի այլ վայր։ Նշենք, որ տեղեկությունը ընկերության տնօրենը հերքել էր։











