«Մայր Հայաստան» դաշինքը, որը մասնակցում է Երեւանի ավագանու ընտրություններին, սեպտեմբերի 5-ին ԱԱԾ պահեստի սպաների միության հետ համագործակցության հուշագիր է ստորագրել։

Դաշինքի ղեկավար Անդրանիկ Թեւանյանի խոսքով՝ դա ինքնատիպ ուղերձ է հայ հասարակությանը։

«Մեզ համար այդ ամենը շատ կարեւոր է, եւ առաջնահերթ խնդիրներից մեկը անվտանգության հետ կապված հարցերն են»,- ընդգծել է Թեւանյանը։

Դաշինքը, ինչպես նշել է քաղաքական գործիչը, մասնակցում է ընտրություններին միայն մի նպատակով. որպեսզի վերջ դնի գործող իշխանությանը եւ նրա վարած քաղաքականությանը։

«Մենք կարծում ենք, որ անվտանգության ոլորտում ճգնաժամի հաղթահարման հիմնական պայմանը արմատական իշխանափոխությունն է։ Մասնակցելով ավագանու ընտրություններին՝ մենք նաեւ փորձում ենք լուծել այդ խնդիրը։ Մենք կարծում ենք, որ Երեւանում լիակատար իշխանափոխությունը կհանգեցնի դրա մերժմանն ամբողջ երկրում»,- ասել է ընդդիմադիր գործիչը։