Թող ՔՊ-ականներն ավելի լավ է պատասխանեն, թե դրամահավաքի ժամանակ այդ 1,5 մլն դոլարը որտեղի՞ց, ովքեր տվեցին ու ինչի դիմաց: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ NEWS.am-ի հետ զրույցում նշեց նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցության կողմից քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը:
Անդրադառնալով մեղադրանքներին, որ ինքը ներդրված է այս ընտրություններում որպես աշխարհաքաղաքական կենտրոններից մեկի թեկնածու, Մարությանը քմծիծաղ տվեց եւ ասաց. «Զարմանում եմ, իշխանական ֆեյքերը, իշխանական լրատվամիջոցները ծախսելով մեր պետական գումարները, նստելով պետական կաբինետներում ինչո՞վ են զբաղված:
Ողորմելի է այս վիճակը, սա արդեն խայտառակություն է ոչ թե մեր Հայաստանի մեջ, այլ միջազգային մակարդակով: Էս մարդիկ իմ հոլովակից ինձ ջնջել էին, իրենց ամեն մի ասածը ոչ թե սուտ է, ստի էլ նման չի, չգիտեմ՝ ինչ է:
Ի՞նչ աշխարաքաղաքական կենտրոններ, էդ ո՞նց է լինում, թող իրենք ավելի լավ է պատասխանեն, թե այդ 1,5 մլն դոլարը որ իրենց տվեցին դրամահավաքի ժամանակ, էդ որտեղի՞ց էդ փողերը, ովքեր են այդ մարդիկ, ինչի՞ համար են տալիս, ինչի դիմաց են տալիս: Քաղաքում որտեղ նայես՝ իրենց գովազդներն են, մենք մեր չափով մեր ժողովրդին իրազեկելու համար շրջում ենք բակերով, տարածում ենք ինֆորմացիա, հորդորում ենք բոլորին գալ, մասնակցել ընտրությանը, որ իշխանությունը չկարողանա վարչական լծակներն օգտագործել»:











