Երեւանում ֆրանսալեզու գրականության գրքերի «Ֆրանկֆեստ» փառատոնի անցկացումը խրախճանք չէ ժանտախտի ժամանակ, այլ, հակառակը, ժանտախտը հաղթահարելու հնարավորություն, քանի որ միայն մտավոր համախմբման միջոցով մենք կկարողանանք հաղթահարել ծանր հետեւանքները, որոնց միջով անցնում են Արցախի մեր եղբայրներն ու մենք ինքներս։ Այս մասին լրագրողների հետ սեպտեմբերի 7-ի հանդիպման ժամանակ ասել է «Newmag» հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը։
Հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը, իր հերթին, պարզաբանել է, որ «Ֆրանկոֆեստը» կտրված չէ իրականությունից, փորձ է արվել գրականությունը տեղավորել այն իրողությունում, որն այժմ կա։ «Հաշվի առնելով 2020թ. տեղի ունեցածը եւ հետտրավմատիկ սթրեսը հայ հասարակությունում, կարծում եմ, մենք կյանքին վերադառնալու մասին գրական ստեղծագործությունների պահանջ ունենք։ Փառատոնը հարթակ կդառնա մտավոր, օգտակար շփման համար»,- նշել է նա։
Նալբանդյանը հայտնել է, որ փառատոնի ժամանակ կներկայացվեն չորս գրքեր, որոնք թարգմանել է «Newmag»-ը, այդ թվում Ամելի Նոթոմբի «Կապույտ Մորուքը»։ Նրա խոսքով՝ թարգմանությունն արվել է երկխոսության ձեւով՝ բառերի համապատասխան խաղով, այն շեշտադրմամբ, որպեսզի համատեքստը չաղավաղվի։
Ալեքսանյանը նշել է նաեւ գրքի շնորհանդեսի ժամանակ փոքր թատերական ներկայացման մասին այդ ստեղծագործության հիման վրա։
«Բացի այդ, կներկայացվի նաեւ Ֆրանսիայի ռուս ֆրանսալեզու գրող Անդրեյ Մակինի «Իմ հայ ընկերը» ստեղծագործությունը, որում պատմվում է ռուս տղայի փոխհարաբերությունների մասին մանկության հայազգի ընկերոջ ու նրա ընտանիքի հետ։ Մեր մեկ այլ թարգմանած սեղծագործությունը «Երջանիկ մարդիկ գրքեր են կարդում եւ սուրճ խմում» գիրքն է։ Սա սիրո մասին դրամատիկ ստեղծագործություն է։ Հեղինակն է Անյես Մարտեն-Լյուգանը։ Այս գրքի անվանումն է դարձել մեր փառատոնի կարգախոսը»,- ընդգծել է Նալբանդյանը։
Արտակ Ալեքսանյանը պարզաբանել է, որ այս գիրքը անձնական տրավման հաղթահարելու մասին է, դրանում գլխավոր հերոսուհին կորցնում է ամուսնուն եւ դստերը, ինչից հետո էլ ծավալվում են հիմնական իրադարձությունները։
Նա հավելել է, որ հրատարակչության թարգմանած չորրորդ գիրքը շվեյցարացի գրող Ժոել Դիկերի «Ճշմարտությունը Հարի Քվեբերտի գործի մասին» սկանդալային ստեղծագործությունն է, որն արժանացել է բոլոր հնարավոր մրցանակներին «Դետեկտիվ» եւ «Թրիլեր» ժանրում։ «Սա ֆրանսալեզու այն քիչ գրքերից է, որն էկրանավորվել է Հոլիվուդում։ Սա գիրք-մատրյոշկա է։ Այսինքն՝ մի գրքում պատմվում է մյուս գրքի մասին, որը, ի հերթին, պատմում է երրորդի մասին։ Մեր ներկայացրած բոլոր գրքերը փառատոնի ժամանակ կվաճառվեն 40 տոկոս զեղչով»,- նշել է հրատարակչության տնօրենը։











