Կիլիկիայի բնակիչների համար լավ նորություն ունենք, այստեղ պատրաստվում ենք կառուցել նոր մանկապարտեզ Կիլիկիա եւ Նորագյուղ թաղամասերի համար: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Երեւանի կենտրոն վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ բնակիչներին դիմելով ասաց փոխքաղաքապետ, քաղաքապետի ՔՊ-ի թեկնածու Տիգրան Ավինյանը:

Նա նշեց, որ այս թաղամասերում ամենամեծ խնդիրը մանկապարտեզի բացակայությունն է: Սրան արձագանքեց բնակիչներից մեկը. «Շներն էլ են խնդիր, կծում են մարդկանց: Մեր աշխատակցին կծել էր շունը, ինքը հիմա իր մեթոդն է մշակել, ուտելիք է տալիս, որ չկծի»:

Մեկ ուրիշն էլ հավելեց. «Մի քանի խնդիր ունենք, ուզում ենք բարձրաձայնել: Այս փողոց են գալիս թույլ վարքագծի մարդիկ, ջարդում են լույսերը, խմում են, օգտագործում են թմրանյութեր»:

Ավինյանն արձագանքեց. «Շների խնդիրը միայն այստեղ չի, մենք արդեն ունենք համակարգային լուծումը: Ամեն վարչական շրջանում ունենալու ենք կացարաններ շների համար եւ գրեթե 95 տոկոսին փողոցներից հավաքելու ենք: Էստեղ ԼԵԴ լամպեր կդնենք, ջարդելը դժվար կլինի»:

Բնակիչները փողոցին, որ այստեղով տրանսպորտ չի անցնում: Ավինյանը խոստացավ, որ եթե հնարավոր լինի, այդ հարցը կլուծեն:

Քաղաքացիները դժգոհեցին, որ այստեղ հավաքարարներ չկան, իրենք են մաքրում տարածքը: Ավինյանը խոստովանեց, որ քաղաքապետարանը տարբեր հատվածների համար դեռ չունի բավարար ուժեր, բայց կամաց-կամաց ավելացնում են սանմաքրողների քանակը. «Սկսել ենք բակեր մտնել, պետք է նաեւ կարողանանք ինքներս էլ մեր մշակույթի մեջ փոխել վերաբերմունքը քաղաքի նկատմամբ»: