«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի գործով դատական նիստին գործով վկա ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը նիստին չէր ներկայացել:

Լրագրողների հետ զրույցում Գառնիկ Իսագուլյանը պնդեց, որ Քյարամյանը առանց հիմնավորման չի ներկայացել դատարան:

«Այն, ինչն ասել եմ, մնում է ուժի մեջ: Ես իմ ասածներից չեմ հրաժարվում: Ցավոք, հնարավորություն չեն տալիս, որ ամբողջությամբ կարողանաս բացահայտել: Պարոն Քյարամյանին 100-ից ավելի հարցեր կային նախապատրաստված տալու, որոնց պատասխանների արդյունքում կբացահայտվեր այն բոլոր կեղծիքները, որոնք իրենք արել են, եւ այսօր իրենք վախենում են: Քյարամյանը որեւէ այլ վկայից որեւէ այլ բանով չի տարբերվում: Եթե Քյարամյանին թվում է, թե հիմա հարյուր հարց էր, հաստատ մինչեւ նոյեմբերի 7-ը կանցնի 300-ը, որովհետեւ օր օրի նոր բաներ են բացահայտվում, որոնց պատասխանները պետք է Քյարամյանը հնչեցնի: Եվ դրանից հետո կպարզվի՝ իմ փոխարեն ով պետք է նստած լիներ որպես մեղադրյալ: Եթե Քյարամյանի հասցեին սուտ մատնություն եմ արել, ինքն էլ վիրավորված է, ապա բարի լիներ, գար ու ապացուցեր դատարանում՝ ով է սուտ մատնություն արել, ե՞ս, թե՞ ինքը»,- նշեց Իսագուլյանը:

Փաստաբանը լրագրողներին մանրամասնեց, թե ինչի համար է մեղադրանք առաջադրվել Իսագուլյանին.

«Իսագուլյանը խոսել է Շուշին դիտավորությամբ հանձնելու եւ դեռ հոկտեմբերի 19-ին պատերազմը կանգնեցնելու հնարավորության մասին: Ինչի վերաբերյալ հետագայում նույնիսկ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը խոսել է եւ փաստել է, բայց բոլոր դեպքերում ասում են՝ նման դրվագ տեղի չի ունեցել, Իսագուլյանը ստում է:

Իսագուլյանը բացահայտում էր 48 միլիոնի թուրքական փողերի մասին, այսօրվա դրությամբ իշխանությունները չեն պատասխանում այն հարցին, թե Համաշխարհային բանկի հրապարակելուց հետո ինչու եւ ինչի համար է Ադրբեջանից ներարկվել Հայաստան 230 միլիոն ադրբեջանական փողեր: Եթե ասում է, որ կա ականատես Անդրանիկ Հովհաննիսյանը, որը մերժել է իրենց: Հղում է արվում այդ վկայի վրա, ասում ենք, բերեք, հարցաքննեք, սակայն այդ անձի մուտքը փակում են եւ թույլ չեն տալիս, որպեսզի մենք հիմնավորենք: Սա նրա մասին է, որ Իսագուլյանը պետք է լռի, փաստերը չվերհանի, որ մեր հանրությունը ոչնչի մասին տեղեկություն չունենա: Իսագուլյանը հայտարարել է, որ 1400 ադրբեջանցու տրվել է հայկական անձնագրեր՝ ապօրինի ճանապարհով»: