Հայաստանը «3+3» ձևաչափով Թեհրանում մեկնարկած տարածաշրջանային խորհրդակցական հարթակից ակնկալում է տարածշրջանում հստակ ձեւակերպումներ ստանալ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Այդ հարթակին մասնակցելով՝ Հայաստանը տարածաշրջանում հստակ ձևակերպումներ ստանալու ակնկալիքներ ունի, որովհետև մասնակցում են տարածաշրջանի երկրները և Ռուսաստանը, որը, այսպես թե այնպես, տարածաշրջանում է: Մենք պետք է կարողանանք այդ հարթակում մեր իրավունքները պահել եւ կպահենք: Իսկ մեր իրավունքները տարածաշրջանում հայտնի են, դա Հայաստանի սահմանների անառիկությունն է եւ չլուծված խնդիրներին այլ տեսանկյունից հնարավորություն չտալ, որ լուծումներ փնտրեն մեր հաշվին»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։
Դիտարկմանը, որ այդ հարթակում Հայաստանն, ըստ էության, 3 թշնամի ունի, նա ասաց. «Ես ուզում եմ՝ թշնամիները մտածեն, որ թշնամանքը ոչ մի տեղ չի հասցնում: Իսրայելում տեղի ունեցողը հենց դրա մասին է խոսում: Խնդիրները ժողովուրդների միջեւ լուծվում են խաղաղության պարագայում, բայց դա չի նշանակում, որ խաղաղությունը թելադրվում է առանց անվտանգության միջավայրի հստակ խնդիրների լուծման: Այսօր դուք կխփեք, վաղը ինքը կխփի»:
Նշենք, որ «3+3» հարթակում ընդգրկված են Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, մյուս կողմից՝ Իրանը, Թուրքիան եւ Ռուսաստանը: Նկատենք, որ Վրաստանը ի սկզբանե հրժարվել է այդ հարթակից եւ որեւէ հանդիպման չի մասնակցել:











