Նախագիծը վերաբերում է հիփոթեկային վարկի սպասարկման համար եկամտային հարկի վերադարձի համակարգին և դրանով առաջարկվում է ըստ մարզերի և տարիների աստիճանաբար կրճատել եկամտային հարկի վերադարձի համակարգի կիրառության շրջանակը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, կառավարության նիստում հայտնեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ զեկուցելով Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու նախագիծը:

Ըստ նախարարի՝ այդ որոշմամբ խրախուսվում է մարզերում քաղաքացիների և տնտեսվարողների որոշումների կայացումը և ժամանակի մեջ առաջ բերելը:

«Երկրորդ նպատակը եկամտային հարկի վերադարձի համակարգի կիրառության շրջանակի հետագա երկարաժամկետ հեռանկարում ընդլայնումը զսպելն է»,-հայտարարեց նախարարը:

Հովհաննիսյանը հայտնեց, որ նախագծով սահմանվում է, որ 2027թ. հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեկային վարկերի մասով եկամտահարկի վերադարձ չի նախատեսվում, եթե գույքը գտնվում է Երևանին հարակից Արագածոտնի, Արմավիրի և Արարատի մարզերում, իսկ  2029թ  հունվարի 1-ից չի վերադարձվի մյուս մարզերում գտնվող գույքի դեպքում:

Նա հայտնեց, որ սահմանափակումները չեն կիրառվելու սահմանամերձ բնակավայերի դեպքում:

Վահե Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ նախագծով սահմանվում է, որ 2025 թվականի հունվարից եկամտահարկի վերադարձը յուրաքանչյուր եռամսյակի համար չի կարող գերազանցել  750 հազար դրամը:

Անդրադառնալով նախագծին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ եկամտային հարկի վերադարձի օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո գրանցվել է շինարարության մեծ աճ, հիմա որոշում է կայացվել, որ շինարարության տեմպը շարունակվի նաև հարակից մարզերում:

«Նաև արդեն մյուս մարզերի համար այդ սահմանափակումը կգործի 2029 թվականի հունվարի 1-ից այն արձանագրմամբ, որ սահմանամերձ բնակավայրերում՝ մեր ցանկում սահմանված սահմանամերձ բնակավայրերում, այդ սահմանափակումը չի գործի»,- ասաց վարչապետը և հավելեց, որ որոշման տրամաբանությունը տարածքային համաչափ զարգացումը խթանելն է:

Վարչապետը նաև հիշեցրեց, որ այս գործիքակազմի ընդունմամբ քաղաքացիների՝ բնակարան ձեռք բերելու գործընթացում առաջընթաց է գրանցվել. «2018 թվականից մինչ օրս ավելի քան 3500 ընտանիք ձեռք է բերել այս գործիքի կիրառմամբ բնակարան, 2018 թվականի համեմատ այդ թիվը մոտավորապես 10 անգամ ավելացել է, և հույս ունենք, որ այս գործիքի կիրառմամբ նաև մարզերում անշարժ գույքի առաջնային շուկան կզարգանա, և բնակարանաշինությունը կխթանվի: 2022-ի արդյունքներով մենք այս հոդվածով շուրջ 35 միլիարդ դրամի վերադարձ ենք իրականացրել ընդհանուր եկամտային հարկի վերադարձը, որի 90 տոկոսը հիփոթեքային վարկի վերադարձի հոդվածով է տեղի ունենում»,- ասաց Փաշինյանը և առաջարկեց ընդունել նախագիծը:

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը մանրամասնեց՝ 2025-ի հունվարի 1-ից է դադարում ծրագիրը Երևանում:

«Մենք սկսել ենք 2022  թվականի հուլիսի 1-ից առաջին գոտու համար սահմանափակումը, 2023-ի հունվարի 1-ից՝ երկրորդ գոտու համար, 2023-ի հուլիսի 1-ից՝ երրորդ գոտու համար, իսկ 2025-ի հունվարի 1-ին կդադարի»,- ասաց նա:

Թեմայի շրջանակում քննարկում ծավալվեց, և պարզվեց՝ Երևանում և մարզերում շինթույլտվություն տալու և եկամտային հարկի վերադարձից օգտվելու իրավունքի ժամկետների սահմանափակման առումով անճշտություններ կան: Արդյունքում՝ Նիկոլ Փաշինյանը որոշեց օրակարգից հանել հարցը, հանձնարարեց ճշտել բոլոր նրբությունները, որպեսզի «շուկան չդեֆորմացվի»:

«Եթե երկու կարգավորումներ են, երկու տարբեր կարգավորումներով չի աշխատի համակարգը: Այսինքն՝ մեր նպատակադրումից կհեռանանք: Հարցը օրակարգից հանվում է»,- ասաց նա: