Ես վերջին երկու տարիներին Գյումրիի քաղաքային կառավարումից դժգոհ չեմ, քաղաքապետից էլ դժգոհ չեմ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 12-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց Հայ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը՝ անդրադառնալով նրան, որ օրերս Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցությունը խզեց համագործակցությունը «Բալասանյան դաշինքի» հետ՝ հայտարարելով, որ իրականացվում է ստվերային կառավարում՝ դրսի ուժերի կողմից:

«Չեմ կարծում, թե խնդիրը ոչ թափանցիկ կամ ոչ արդյունավետ կառավարումն է, այլ պարզ իշխանափոխության ձգտումն է: Մանավանդ ՏԻՄ-երում վերջին «հաղթանակներից» հետո միակ ֆորպոստը մնացել է Գյումրին, ուզում են Գյումրիում էլ հաղթանակ արձանագրեն: Դա բոլոր հեղափոխությունների կողմնակի էֆեկտն է , բոլոր հեղափոխություններն, ի վերջո, վերածվում են միաբեւեռության, մեկ կուսակցության դիկտատուրայի: Ինչպես ՀՀԿ-ի ժամանակ հաղթում էին հանրապետականները, ՀՀՇ-ի ժամանակ՝ ՀՀՇ-ականները»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ Գյումրին միշտ ըմբոստ է եղել, Աջապահյանն ասաց, որ Գյումրին ըմբոստ եղել է համապետական ընտրությունների ժամանակ. «Բայց Գյումրին բնավորություն չունի կենտրոնական իշխանություններին հակադրվելու տեղական մակարդակով, ինքը նաեւ հակում ունի կենտրոնական իշխանություններին հաճելի մարդ ընտրել, որպեսզի խնդիր չունենա քաղաքում: Սառը հաշվարկը խոսում է այն  մասին, որ եթե քաղաքում լինի այլ կուսակցությունից ղեկավար, կենտրոնական իշխանությունները, ինչպես նախկինում, այնպես էլ յսօր, պետք է սաբոտաժ անեն քաղաքային ծրագրերը, չպետք է ֆինանսավորեն քաղաքային ծրագրերը, պետք է խանգարեն, ինչը հիմա արվում է»,-ասաց նա: