Հասկանալի է, թե ինչ նպատակ է հետապնդում այս նախագիծը, բայց վատ վարքագիծ դաստիարակելու էլեմենտներ էլ կան: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ԱԺ-ում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկմանն ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Նա հարցրեց, թե ովքեր կարող են օգտվել նախագծից, և արդյոք կան ուսումնասիրություններ, թե բանակում չծառայելու համար այսօր հետախուզման մեջ գտնվող երիտասարդները որ տարիքում են լքել երկիրը։
Հայկ Սարգսյանը նշեց, որ օրենքը տարածվելու է այն անձանց նկատմամբ, ում 25 տարին լրացել է օրենքի ընդունման պահին։
«Այսինքն՝ այն մտավախությունը, որ այսօր մարդիկ 18 տարեկանում կլքեն երկիրը, որպեսզի 27 տարեկանում օգտվեն օրենքից, չի համապատասխանում իրականությանը, որովհետև նրանք չեն կարող օգտվել։ Օրենքից կարող են օգտվել միայն նրանք, որոնք օրենքի ընդունման պահին կլինեն 25 տարեկան և ավելի բարձր տարիքի:
Ինչո՞ւ 25 տարեկան և ավելի բարձր. որովհետև փորձը ցույց է տալիս, որ մենք արեցինք համաներում, որից կարողացան օգտվել 27 տարին լրացած քաղաքացիները, բայց ունենք 25-26 տարեկան բազմաթիվ քաղաքացիներ, որոնք այս ընթացքում չեն վերադարձել և ծառայել, այսինքն՝ նրանք չօգտվեցին իրենց ծառայելու հնարավորությունից և այսօր գտնվում են քրեական հետապնդման ներքո՝ չունենալով որևէ այլ տարբերակ՝ ազատազրկումից բացի»,- նշեց պատգամավորը։
Ըստ Հայկ Սարգսյանի՝ ծառայությունից խուսափելու համար նախատեսվում է 5 տարվա ազատազրկում, իսկ այդ դեպքում ամեն մի քաղաքացուն պահելու համար պետությունը ծախսում է տարեկան մոտ 5 միլիոն դրամ: «Այսինքն՝ եթե մենք քաղաքացուն հայտնաբերենք, բերենք-պահենք, 5 տարում մենք քաղաքացու վրա ծախսելու ենք մոտ 25 միլիոն դրամ: Բացի դրանից՝ մենք չենք էլ կարողանում այդ քաղաքացիներին դատապարտել»,- նշեց նա։
Հովիկ Աղազարյանն էլ արձագանքեց՝ եթե քաղաքացին 24 տարեկան է, ապա նրան ինչ է սպասվում․ «Հետո ի՞նչ է լինելու․ նոր խորհրդարան է լինելու, նոր Հայկ Սարգսյան է գալու ու էլի նոր օրենքի նախագիծ է բերելու 23-24 տարեկանների համա՞ր»։
Հայկ Սարգսյանն էլ նշեց, թե ինչ է առաջարկում պատգամավորը՝ բոլորին ասեն, որ պետք է դատապարտվեն և չտան հնարավորությո՞ւն։
«2022 թվականին, երբ որևէ կարգավորում չկար քաղաքացիների համար, որոնք չեն ծառայել՝ ազատվելու պատասխանատվությունից, ունեցել ենք 10 հազարից ավելի քաղաքացիներ, որոնք հետախուզվել են բանակում չծառայելու համար և այդ 10 հազար քաղաքացուց ընդամենը 420-ն են հայտնաբերվել կամ կամովին ներկայացել: Կարո՞ղ եք ենթադրել՝ այս 420 քաղաքացուց քանիսն են դատապարտվել ազատազրկման: Նրանցից մեկն է դատապարտվել ազատազրկման՝ 1 տարի ժամկետով: Այսինքն՝ նրանք փաստացի չեն էլ ազատազրկվում»,- ասաց պատգամավորը:
Հիշեցնենք, որ «Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի փոխությունների նախագծի հեղինակը ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն է, որն առաջարկել է 27 տարին լրացած ու պարտադիր զինծառայություն չանցած զինծառայողներին հնարավորություն տալ անցնելու պարտադիր զինծառայություն` խուսափելով քրեական հետապնդումից հետևյալ կարգավորումներից մեկն ընտրելով`
- երկու տարի ուղղակի ծառայելով,
- մեկ տարի ծառայելով ու 2.5 մլն դրամ մուծելով ՀՀ պետբյուջե,
- վեց ամիս ծառայելով և պետբյուջե վճարելով 5 մլն դրամ,
- մեկ ամիս ծառայելով` վճարելով 10 մլն դրամ,
- չծառայելով ու վճարելով 15 մլն դրամ։











