Բաբկեն Արարքցյանը մեր նոր պատմության լավագույն ժամանակաշրջանի ամենականավոր, ամենակարկառուն դեմքերից մեկն է, պետականության հիմնասյուներից մեկն է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը՝ Բաբկեն Արարքցյանի հոգեհանգստի արարողության ժամանակ:

«Նա նաեւ մեր սահմանադիր հայրերից մեկն է, որովհետեւ մեր Սահմանադրության ստեղծման մեջ իր ներդրումն անգնահատելի է: Ընդհանրապես, իր բոլոր  արած գործերը միայն պատմաստեղծ, հասարակաստեղծ լուրջ գործեր են: Երբ նա Գերագույն խորհրդի նախագահ էր, 1200 օրենք եւ որոշում է ընդունել ԳԽ-ն: Այդ կարճ ժամանակահտվածի համար այդքան օրենք, չեղած տեղից, եւ բոլորը ռեֆորմներ, դաժան, ծանր ռեֆորմներ: Այդ ամենը ղեկավարում էր Բաբկեն Արարքցյանը: Ինքը ղեկավարեց նաեւ Անկախության հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը: Հաջորդ քայլի իր Սահմանադրական հանձնաժողովի համանախագահ լինելն էր:

Ինքը «Ղարաբաղ» կոմիտեի անդամ էր, իսկ դա թիմային զգացողություն է, անհատը չէր կարող ունենալ այն հաջողությունները, որի մասին ասացի: Իր կողքին կային Լեւոն Տեր-Պետրոսյան, Վանո Սիրադեղյան, որոնք նույնկերպ էին մտածում:

«Ղարաբաղ» կոմիտեն նոր միտք էր հայոց մտքի դաշտում, եւ այդ միտքը համարձակ էր: Այն մերժում էր բոլոր նախկին ծանրացած, պոպուլիստական, մեծապետական մոտեցումները: «Ղարաբաղ» կոմիտեի լուսավորչականությունն այն էր, որ նա բերեց հայ ժողովրդին սթափության, ողջամտության, հողեղենության: Բաբկեն Արարքցյանն այդ մտքի կրողներից մեկն էր»,-ասաց նա:

Հարցին՝ ինչպե՞ս էր նա տանում վերջին տարիների իրողությունները, պարտությունները, Արամ Մանուկյանը պատասխանեց. «Շատ վատ: Վերջերս շատ էի հանդիպում իրեն եւ հիվանդանոցում, եւ տանը, մտերմիկ զրույցներ շատ էինք ունենում: Շատ ծանր էր տանում այս ոչ նորմալ, ցնցումային, արկածախնդիր քաղաքականությունը: Էլ չեմ ասում, որ ինքը Նիկոլ Փաշինյանի կայացման գործում այնքան ավանդ ունի, ամագ ունի, բայց այդ մարդու կողմից տեսավ միայն բացասականը, միայն մերժողականությունը: Արարքցյանի համար դա տարօրինակ էր, ինքը շփոթված էր: Ո՞նց է լինում, որ դու մարդու համար ճանապարհ ես բացում, կայացնում ես կենսագրությունը ու հետո  մոռացվում ես այդ նույն մարդու կողմից: 2018-ից հետո Բաբկեն Արարքցյանն անգամ սովորական բարեւի չի արժանացել»:

Արամ Մանուկյանը նշեց, որ հիվանդության ծանր փուլը տեւել է 1.5-2 ամիս, սակայն Արարքցյանի միտքը սթափ էր: Նրա խոսքով, այդ սթափության արդյունքն էր, որ Արարքցյանը մերժել է իր մահվան կապակցությամբ կառավարական հանձնաժողով ստեղծել եւ Օպերայի շենքում իր հոգեհանգիստը կազմակերպելը. «Դա իր տեսակն էր, երեւի շատեը չգիտեն, որ Գերագույն խորհրդի նախագահ եղած ժամանակ ինքը իր «Ժիգուլի»-ով էր գալիս-գնում: Ախռանա չուներ, երբեք չի պահել: Մի խորհրդական ուներ:

Բաբկեն Արարքցյանը մի արտահայտություն ուներ, որ հետո դարձավ պատմական: «Ցուրտումութ» տարիներին ասում էր՝ Գերագույն խորհուրդը պետք է լինի ամենացուրտ տեղը Հայաստանում: Ինքը չէր կարող հասկանալ՝ ո՞նց կլինի, որ մենք լավ ապրենք, ժողովուրդը՝ վատ: Ինքը ապրես համեստ, ժուժկալ, լուրջ, բայց իմ բերած էպիտետները չեն վերաբերում իր արած գործին: Գործը հզոր էր: Նա լեգենդար քաղաքական գործիչ էր, որ կմնա մեր պատմության մեջ:

Իհրկե, մեր հասարակությունը եւ հատկապես վերջին իշխանություններն այնքան անբարո դուրս եկան, որ Ղարաբաղյան շարժումն ու «Ղարաբաղ» կոմիտեն էս օրին են: Նրանք սրան չէին արժանի: Բոլորը գնում են անշուք. Սամսոն Ղազարյանը ո՞նց գնաց, Վանո Սիրադեղյանը ո՞նց գնաց: Պետություն ստեղծողները սրան չէ, որ պետք է արժանի լինեն, բայց ունենք այն, ինչ ունենք: Ժամանակը եւ Վանո Սիրադեղյանին, եւ Բաբկեն Արարքցյանին կբարձրացնի, կդնի իր տեղը: Իրենք չեն լինի, հետո կլինեն դասագրքեր, ֆիլմեր, անաչառ պատմաբաններ:

Բաբկեն Արարքցյանը հզոր քաղաքական գործիչ էր, պետական այր, հիմնադիր այր եւ լավ մարդ: Բարի հիշատակ իրեն»,- ընդգծեց Արամ Մանուկյանը