Մեր նախարարներից մեկը վեր է կենում ու ասում՝ իմ եղբայրները Ռուսաստանում են աշխատում. Ռուսաստանն այդ եղբայրների տեղը չգիտի՞: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց հասարակական-քաղաքական գործիչ Թեւան Պողոսյանը՝ անդրադառնալով նրան, որ Ռուսաստանը խիստ քայլերի չի դիմում ՀՀ իշխանությունների ու Հայաստանի նկատմամբ:

«Սա նշանակում է, որ գործող իշխանությունը լավ էլ սպասարկում է ռուսական շահերը:

Հայաստանում այնպիսի ընկերություններ են դարձել խոշոր հարկատուներ, որոնց ապրանքները մենք գնում ենք 5 տարին մեկ: Քանակները հաշվում ես, բաժանում ես բնակչության թվի վրա, զարմանում ես: Դրա համար էլ մեր իշխանություններին պահում են: Որ վայրկյանին իրենց պետք լինի, կփոխեն: Թե Ռուսաստանը, թե Արեւմուտքը ժամանակ առ ժամանակ իրենց հայտարարություններով ցույց են տալիս, որ ունեն գործիքակազմ մեր դեմ օգտագործելու համար: Որ պահին այնքան էլ լավ չսպասարկեք, իրենց գործիքակազմերով կսկսեն ծեծել»,-ասաց նա: