Լալան գնաց՝ թողնելով շատ բան, որը ժամանակ առ ժամանակ իր մասին հիշեցնելու է. ամենակարեւորը՝ նա թողեց հրաշք նոր սերունդ, որը վաղ, թե ուշ, Լալայի դատարկ տեղը լցնելու է: Այս մասին այսօր՝ հունիսի 24-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանի վերջին հրաժեշտի արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց դերասան եւ հաղորդավար Լեւոն Հարությունյանը:
«Կարծում եմ՝ Լալան չի գնացել: Ինձ բախտ վիճակվեց իր հետ բեմ բարձրանալ Մետրո թատրոնում: Ինքն ինձ համար ուսուցիչ էր: Մի քանի անգամ եղել է հնարավորություն, որ իրեն ասում էի՝ Լալ ջան, իմ խոսքը լավ չի, տեր եղիր: Ասում էր՝ ստեղ եմ, ստեղ եմ: Հիմա իմ խոսքն էլ ժամանակավոր անտեր մնաց»,-ասաց նա:
«Լալան չէր ստում, ասում էր ճշմարտությունը: Մի հարց տամ՝ կառավարությունից մարդ եկա՞վ: Լռենք, որովհետեւ սա է մեր կառավարության վերաբերմունքը մշակույթից: Իրենք չեն գնահատում մտավորականին, մշակույթը, որովհետեւ ով մի քիչ էն չի խոսում, իրենք նեղանում են»,- ընդգծեց դերասանը:
Հիշեցնենք, որ Լալա Մնացականյանը մահացել է հունիսի 22-ին։ Նա 66 տարեկան էր։
Լալա Մնացականյանը ծնվել է 1957 թվականի հոկտեմբերի 8-ին Երևանում։ Սովորել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատրոնի և կինոյի դերասանական բաժինը, որն ավարտել է 1978 թվականին կարմիր դիպլոմով։ Խաղացել է բազմաթիվ դերեր թատրոնում, կինոյում և հեռուստատեսությունում։ Հետաքրքիր դերակատարումներով հանդես է եկել տարբեր թատրոններում՝ Երևանի Երիտասարդական Էքսպերիմենտալ Թատրոն, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն, Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն, «Մետրո» թատրոն, Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն։ 140 մանրապատումների սցենարիստ է և դերակատար»:











