Եթե դու դեռ 100 տոկոս այլընտրանքը չունես, ինչո՞ւ ես հրաժարվում նրանից, ինչը կա քո ձեռքին: Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման ժամանակ նշեց ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը՝ անդրադառնալով Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին եւ դեպի Արևմուտք թեքվելու հեռանկարին։

«Հիմա էս Եվրոպա գնալու մեջ բլեֆ կա, էլի մեր ժողովրդին խաբկանքի մեջ են գցում: ԵՄ-ում մեզ սպասող չկա, 20-30 տարի հետո գուցե լինի, որի մասին այսօր խոսողները դա չեն տեսնի: Ուղղակի մեր բախտը բերում է, որ Ռուսաստանը դեռ մեծ համբերատարություն է ցույց տալիս այս իշխանությունների նկատմամբ: Դու Եվրասիական միության մեջ ես, որի բարիքներից քիչ, թե շատ օգտվում ես: Հիմա ուզում ես գնալ Եվրոպա, որի մասին հայտարարում ես: Հիմա ես ԵԱՏՄ-ի առաջնորդող երկիրն եմ՝ Ռուսաստանը եւ նայում եմ, որ այստեղ կա մի Հայաստան, որը ակտիվորեն գնում է Եվրոպա, բայց ուզում է այստեղ մնա: Այսինքն 10-20 տարի հետո, երբ պահը գա, մտնի ԵՄ, մեզ թողնի, դավաճանի, բայց  այս 20 տարում օգտվի՞ մեր բարիքներից: Կարո՞ղ է մենք կթան կով ենք: Ի վերջո, Ռուսաստանը կարող է պատասխան քայլեր անել: Իրենք դա հայ ժողովրդի համար են անում, չեն ուզում վնաս տալ, թե չէ կարող է գազի գինն այսօր 4 անգամ ավելի լինի, կարող են հարկեր դնել, կարող են ասել՝ դուրս արի ԵԱՏՄ-ից, որոշի՝ կամ մնում ես, կամ դուրս ես գալիս: Սա չեն հասկանում: Ռուսաստանին այսպես բացահայտ հակադրվելը չի կարող լավ հետեւանք ունենալ»,- հայտարարեց Հայաստանի նախկին արտգործնախարարը։

Օսկանյանի կանխատեսմամբ՝ Ռուսաստանը կարող է Հայաստանը փոխարինել Ադրբեջանով և վերջինի միջոցով սկսի լուծել իր խնդիրներն այս տարածաշրջանում, եթե Հայաստանի ղեկավարությունը շարունակի իր վարած քաղաքական կուրսը։

«Ռուսաստանը կարող է փոխարինի Հայաստանն Ադրբեջանով, ընդհանրապես մոռանա մեզ և իր ռազմավարական խնդիրներն Ադրբեջանի միջոցով լուծի։ «Հյուսիս-հարավ» ճանապարհը մենք արդեն կորցրել ենք։ Վերջերս երեք տարբեր հաղորդում եմ դիտել, ոչ մի քարտեզում Հայաստան գոյություն չունի․ այդ ճանապարհը Հնդկաստանից՝ Բանդերաբասից Ռուսաստան ու Եվրոպա է գնում Ադրբեջանով, իսկ մերոնք դեռ ինչ-որ «Խաղաղության խաչմերուկից» են խոսում։ Մենք այս ճանապարհը կորցրել ենք արդեն, Արևելք-Արևմուտք ճանապարհ մեզ համար դեռ գոյություն չունի, Վրաստան շատ ավելի կոմպլեմենտար քաղաքականություն է վարում։ Ադրբեջանը միշտ էլ կարողացել է հավասարակշռություն պահել, հիմա կարող է առավել խորացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ ի հեճուկս մեզ և Ռուսաստանի համար փոխարինի մեզ, Վրաստանը հարաբերությունները Ռուսաստանի հետ բերի նորմալ վիճակի մեջ, և մենք ընդհանրապես հայտնվենք մեկուսացման մեջ։ Այս իշխանությունների վարած քաղաքականությունը սրան է տանում, և այդ վտանգը կանգնած է մեր առջև։ Տարածաշրջանում լուրջ փոփոխություններ են, դերերի կտրուկ փոփոխություն կարող է տեղի ունենալ։ Ադրբեջանի և Վրաստանի ներկայիս քաղաքականության պայմաններում եթե նույնիսկ 100%-ով գնանք Արևմուտք, դա կկորցնի իր արժեքը, որովհետև լրվի Թուրքիայի ազդեցության տակ կհայտնվենք, միջնորդավորված կդառնա դա, իսկ Ռուսաստանը երբ մեզ փոխարինող գտնի տարածաշրջանում, կարող է այնպես անտեսի մեզ, որ դրանից կարող է չկարողանանք ուշքի գալ»,- ընդգծեց Օսկանյանը։