Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը եւս հաջողության չհասավ, ինչը նշանակում է ձախողվել է: Եվ քանի որ ձախողվել է, Փաշինյանը ցույց է տալիս, որ ինքը որեւէ խնդիր չունի հասարակության հետ առնչվելու: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
«Շարժումը գնաց սխալ ուղղությամբ՝ փորձելով փողոցի ճնշմամբ գալ իշխանության, ինչը ՀՀ-ում այլեւս անհնար է: Մայիսի 9-ի հանրահավաքում շարժման առաջնորդը նշում էր, որ 7-10 օրվա ընթացքում վարչապետը կհեռանա, հիմա արդեն լրանում է երկու ամիսը, սակայն վարչապետը չի հեռացել, շատ նորմալ իր գործունեությունը իրականացնում է: Եթե շարժումն իր նպատակին չի հասել, ուրեմն ձախողվել է»,-ասաց նա:
Արմեն Բադալյանը նկատեց, որ այսօր ՀՀ-ում իշխանափոխություն անելու համար պետք է երկու կենտրոնների երեւացող ու չերեւացող «դաբրոն». «Մեկը ԱՄՆ-ն է, մյուսը Իրանը: ԱՄՆ-ի կողմից կարող եմ ասել, որ չկա դա, որովհետեւ ԱՄՆ դեսպանի հունիսի 12-ի հայտարարությունը, որ մեղավոր են ցուցարարները, որ ոստիկաններն իրենց ծեծել են, մեղավոր է եկեղեցին, ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն բացահայտ կանգնած է այս իշխանությունների թիկունքին: Այս իշխանություններն իրականացնում են ԱՄՆ-ի քաղաքականությունը Հարավային Կովկասում:
Ինչ վերաբերում է Իրանին, նա իր արտաքին քաղաքականության մեջ այդպիսի քաղաքականություն չի կիրառում, որ բացահայտ աջակցի կամ չաջակցի: Գիտեմ, որ Իրանը շատ ուշադիր հետեւում է ներհայաստանյան քաղաքական գործընթացներին եւ ինքը աշխատում է փակ ռեժիմի պայմաններում: Բայց որ Իրանը կցանկանար, որ Հայաստանում այս իշխանությունը չլիներ, լիներ ազգային իշխանություն, որը Հայաստանը օբյեկտից կդարձներ սուբյեկտ, դա ակնհայտ տեսանելի է դեսպանի հայտարարություններից»,- ընդգծեց նա:











