Գիտեք, Թոքաբանության ազգային կենտրոնում էլ մարդիկ են աշխատում և հիվանդանում են, և անգամ կարմրուկով: Չեմ հասկանում դեպքի սկանդալային երանգները: Այս մասին այսօր՝ հուլիսի 4-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ արձագանքելով հարցին, թե Թոքաբանության ազգային կենտրոնում կարմրուկի դեպք է արձանագրվել, երկու բուժաշխատող է վարակվել, ի՞նչ է տեղի ունեցել և ինպե՞ս է այդտեղ կարմրուկ արձանագրվել:
«Այո, 2 բուժաշխատող հիվանդացել են և բուժվել; Այլ ԲԿ-ից էլ էլի եղել են մարդիկ, որոնք եւս հիվանդանցել են: Ի՞նչն է խնդիրը»,- ասաց Ավանեսյանը եւ հավելեց, որ անձնական գաղտնիք է, թե որ բուժաշխատողներն են եղել:
«Կարող եք իրենցից հարցնել, եթե գիտեք՝ ով է հիվանդը: Ես չեմ կարող հրապարակել, թե որտեղ են հոսպիտալացվել, ինչպես են բուժվել»:
Դիտարկմանը, թե իր դեմ հերթական հայցն է ներկայացվել, այս անգամ դատաբժշկական գիտագործնական կենտրոնի նախկին տնօրենի կողմից, ինչպես կմեկնաբանի, Ավանեսյանն ասաց. «Չեմ մեկնաբանում, մարդն օգտվել է դատարան դիմելու իր իրավունքից, դիմել է: Դատաբժշկական գիտագործնական կենտրոնն ունի տնօրենի նոր պաշտոնակատար, կարծում եմ նա շուտով հայցը հետ կվերցնի»:











