Խորապես մասնատված աշխարհաքաղաքականության ներկա դարաշրջանում ի՞նչը կարող է Հարավային Կովկասը փոխակերպել համագործակցության և փոխկապակցվածության տարածքի, ի՞նչ նոր մոդելներ և մոտեցումներ կարող են դրական արդյունք ապահովել: Սա է Երևանում ընթացող «Երևանյան երկխոսություն» 2024 միջազգային համաժողովի «Հարավային Կովկասը խաչմերուկում. մասնատման և համագործակցության միջև» խորագրով պանելային քննարկման թեման։
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով թեմային ասաց, որ Հարավային Կովկասը երկար պատմություն ունի․ եղել են ժամանակներ, երբ այստեղ տեղի է ունեցել համագործակցություն, սակայն եղել են ժամանակներ, երբ այս տարածաշրջանի երկրները ներգրավված են եղել իրար հետ պատերազմներում, ինչպես աշխարհի այլ տարածաշրջաններում։
«Սակայն այժմ կարծում ենք, որ արդեն բավական արյունահեղություն ենք տեսել այստեղ։ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանն իրական հնարավորություն ունեն փակելու թշնամանքի էջն այս տարածաշրջանում և բացելու կայունության և խաղաղության դարաշրջան։ Եվ մենք կարծում ենք, որ սա շահավետ կլինի բոլորիս համար, ոչ միայն այս երեք պետությունների, այլ հարևաների և առհասարակ աշխարհի համար»,- ասաց նա։

Արարատ Միրզոյանը նշեց, որ Հայաստանը կատարել է իր ընտրությունը և ընտրել է խաղաղության օրակարգը, քանի որ գիտակցում է, թե ինչ առավելություններ ունի խաղաղությունը։ Սակայն կարևոր է, որ մյուս երկրները նույնպես կատարեն այսպիսի ընտրություն։ Ըստ նրա՝ այս ճանապարհով առաջ գնալը միանգամայն իրատեսական է, քանի որ Եվրոպայում կան դրա փայլուն օրինակներ։
ԱԳ նախարարը նշեց, որ այսօր Հայաստանը շոշափելի արդյունքներ է գրանցում Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործում, մասնավորապես՝ սահմանազատման, խաղաղության պայմանագրի կետերի համաձայնեցման և այլն։

Պանելային քննարկման մոդերատորը Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար, զարգացման համագործակցության և հումանիտար հարցերի նախարար Խավիեր Բեթելին հարցրեց, թե ինչ խորհուրդ կարող է Լյուքսեմբուրգը տալ Հայաստանին և տարածաշրջանին և ինչպես կարող է Հայաստանը հաջողել ԵՄ-ի հետ իր ռազմավարական համագործակցությունում։ Խավիեր Բեթելն ի պատասխան նշեց, որ երկրները չունեն նման հնարավորություն՝ ընտրելու իրենց հարևաններին և հիշեցրեց, որ Լյուքսեմբուրգը բազմիցս գրավվել է հարևանների կողմից, սակայն ժամանակի ընթացքում իրենք հասկացել են, որ հարևան երկրների հետ համատեղ նախագծեր ունենալը լավագույն ուղին է խաղաղության հասնելու։
«Հաճախ մենք մտածում ենք, որ ինչ-որ բան միայնակ անելը լավագույն լուծումն է, սակայն դա սխալ լուծում է։ Միասին աշխատելն է լավագույն ուղին առաջ շարժվելու։ Դու չես կարող ընտրել հարևաններիդ ․․․ Ես հավատում եմ երկխոսությանը»- նշեց նա։ Խավիեր Բեթելին Հայաստանի խորհուրդ է տալիս մնալ պատմության ճիշտ կողմում, քանզի «մենք չենք կարող փոխել պատմությունը, սակայն կարող ենք միասին փոխել ապագան»։

Քննարկման մեկ այլ մասնակից Լիտվայի նախկին նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն ասաց, որ Լիտվան շատ առումներով նման է Հայաստանին, սակայն 20 տարվա ընթացքում կարողացել է երկրում ապահովել եվրոպական ստանդարտներին համապատասխան կենսապայմաններ և այդ հարցում երկրին օգնել է քաղաքական կամքն ու համագործակցությունը ինչպես հարևան, այնպես էլ ոչ հարևան երկրների հետ։
«Այսօր մենք բացարձակապես, 100 տոկոսով անկախ ենք և կախված չենք որևէ երկրի էներգետիկ ռեսուրսներից։ Քսան տարի առաջ մենք 100 տոկոսով կախված էինք ռուսական գազից, իսկ այսօր՝ զրո տոկոսով։ Եվ դրա համար հսկայական ջանքեր ենք գործադրել»,- ասաց նա՝ հավելելով, որ երկիրը հասկացել է, որ պետք է լինի միասնական և որ քաղաքական անկախությունը պահանջում է լինել անկախ նաև տնտեսապես։
Դալյա Գրիբաուսկայտեն նշեց, որ Լիտվան այլևս չի կարող լինել կոռումպացված կամ կախված այս կամ այն երկրից, քանի որ Լիտվան ինքն է ընտրում, թե ում հետ համագործակցել, իսկ ում հետ՝ ոչ։ Նա նաև նշեց, որ յուրաքանչյուր երկիր այս հարցում պետք է հաշվի առնի կոնկրետ լոկալ առանձնահատկությունները և որոշումներ կայացնի ըստ այդմ։
Վրաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիան, անդրադառնալով հարցին, թե Վրաստանն ինչպես է պատկերացնում ապագան Հարավային Կովկասում, հատկապես, երբ երկիրը շարունակում է առերեսվել անվտանգային խնդիրների, ասաց, որ Վրաստանն այսօր շատ լավ հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ։
Անդրադառնալով համագործակցության հարցին՝ Լաշա Ղարսալիան նշեց, որ կարևոր է, որպեսզի բոլոր խաղացողները ներգրավվել համագործակցությանը և հետապնդեն իրենց շահերը։ Նա նաև հույս հայտնեց, որ հաջողությամբ կպսակվեն ինչպես Հայաստանի և Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը։

«Մեր տարածաշրջանը թևակոխում է նոր դարաշրջան, նոր զարգացումներ են տեղի ունենում մեր տարածաշրջանում, ինչը դռներ է բացում տարածաշրջանային համագործակցության համար։ Վրաստանը նույնպես հանձնառու է իր ներդրումն ունենալ տարածաշրջանային այս համագործակցությանը, և այստեղ կարևոր հարցերից է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը, և մենք հանձնառու ենք ունենալու մեր դերակատարումն այս գործընթացում»,- ասաց նա՝ հավելելով, որ նկատի ունի, ոչ թե Վրաստանը միջնորդական առաքելություն ստանձնի, այլ աջակցի այդ ջանքերին։
Ինչպե՞ս կարող է Իրանը նպաստել տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։ Անդրադառնալով այս հարցին՝ Իրանի արտաքին գործերի փոխնախարար Մուհամեդ Հասան Շեյխոլեսլամին ասաց, որ աշխարհը փոխվում է, շատ բաներ փոխվում են գլոբալ աշխարհակարգում, և տարածաշրջաններն էլ ավելի մեծ կարևորություն են ստանում այս փոփոխությունների համատեքստում, այդ թվում՝ Հարավային Կովկասը, որը շատ կարևորություն ունի Իրանի համար։
Մուհամեդ Հասան Շեյխոլեսլամին նշեց, որ Իրանի համար շատ կարևոր է կանխել ցանկացած հակամարտության ներթափանցում իր տարածք։ Տնտեսական առումով այս տարածաշրջանը ևս կարևոր է Իրանի համարը, որը շահագրգռված է օգտագործել Հարավային Կովկասի էներգետիկ ռեսուրսները՝ ամրապնդելու դրա կապվածությունը Եվրոպային, Եվրասիային՝ տրամադրելով նաև իր տարանցիկ ենթակառուցվածքը դրա համար։

Նա նշեց, որ Իրանը մշտապես եղել է տարածաշրջանում խաղաղության և կայունության շարժիչ ուժը և ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված ջանքերը և մշտապես շեշտել է, որ անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր կնքել։ Պաշտոնյան շեշտեց, որ Իրանը պատրաստ է աջակցել հարևաններին՝ կարգավորելու կնֆլիկտները հնարավորինս արագ, և սատարում է տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապարաշրջափակումը՝ շեշտելով երկրների տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտությունը։
Իրանցի պաշտոնյան անդրադարձավ նաև Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձություններին՝ նշելով, որ այնտեղ տեղի է ունենում Արևմուտքի արժեքների փլուզում, քանզի սպանվել է ավելի քան 14.000 մարդ, այդ թվում երեխաներ, և միջազգային հանրությունը ոչինչ անում դա կանխելու համար։











