Կառավարությունը մեկ միլիարդի կարգի նոր վարկ վերցրեց, որ Գյումրիում ծրագիր իրականացնի, միաժամանակ մեկ միլիարդ տվել էին, էլեկտրոմեքենաներ, պադավատներ էին առել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով նրան, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ծառայողական ավտոմեքենաները կացնային մեթոդով կրճատելու մասին:

«Այսինքն, եթե դու այդ պադավատները չառնեիր, այդ մի միլիարդի վարկ վերցնելու կարիք էլ չկար։ Իհարկե, ինքը հասկացել է, որ դա հանրային մեծ ռեզոնանս ունեցող խնդիր է և փորձել է ցույց տալ, որ ինքն էլ է դա անում, իսկ մեղավոր են իր բոլոր  ենթականները, որոնք իրեն ճիշտ չեն զեկուցել։  Նույնը նաեւ արագաչափերն են»,-ասաց նա:

Արթուր Խաչատրյանը նկատեց, որ Փաշինյանի ասածները պատերազմից առաջ եւ հիմա, 180 աստիճանով տարբեր են. «Ես երեկ, օրինակ, կարդում էի, Սևրի պայմանագրի 100-ամյակի ժամանակ իր ուղերձը։ Նայեք՝ ինչ կարծիք ինքը ուներ հայ-թուրքական հարաբերությունների մասին 2020 թվականի օգոստոսին, հիմա ինչ է ասում։

Քանի որ Փաշինյանը պատրաստվում է ընտրությունների, հերթական կամ արտահերթ, փորձում է որոշակի պոպուլիստական հարցերով էժան հեղինակություն վերականգնել»: