Ոչ միայն ՔՊ-ականները, այլ նաեւ համակիրները կարող են մասնակցել Գյումրիում նախնական ընտրություններին, իհարկե, անցնելով վարչության ֆիլտրի միջով: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 27-ին, ԱԺ-ում NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը:
«Ուզում ենք, որ գյումրեցիների կարծիքով նշանակում լնի, ոչ թե մեկ անձի որոշումով: Իհարկե, վարչապետի ուղիղ լիազորության տակ է քաղաքապետի ժպ նշանակելը, բայց մենք եւս մեկ քայլ ենք անում դեպի ժողովրդավարություն՝ հարցնելով գյումրեցիներին, թե ում եք ուզում, որ լինի ժամանակավոր պաշտոնակատար»,-ասաց նա:
Հարցին՝ արդեն կա՞ն թեկնածուներ, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց. «Երեկ է այդ մասին հայտարարվել, ընթացակարգն էլ դեռ չկա, որ հասկանանք՝ ինչ ձեւով են մարդիկ առաջադրվելու»:
Ինչ վերաբերում է Կարեն Սարուխանյանին, նա նշեց, որ Սարուխանյանն ինքն է որոշելու՝ մասնակցելու է այս նախնական ընտրություններին, թե ոչ. «Այստեղ կուսակցության կողմից որեւէ մեկի նկատմամբ պարտադրանք չկա, որ մասնակցի, կամ իմ մասնակցի»:
Նա հավելեց, որ առանց քաղաքապետի օրենքը չի նախատեսում նոր ընտրությունների կազմակերպում. «Դրա համար ժամանակավոր պաշտոնակատար պետք է նշանակվի՝ ընտրություններ կազմակերպելու համար: Արտահերթ ընտրություններ են լինելու, դրա քայլերից մեկը ԺՊ նշանակելն է:
Այս նախնական ընտրությունները հեռախոսային հարցման ցիվիլ տարբերակն է: Այն դեպքում գաղտնի հարցում է, սա ավելի բաց հարցում է: Հիմա, թե աշխատանքային խումբն ինչ մոդել կընտրի, ինչ-որ տեղ կընտրի, որ քաղաքացիները մոտենան իրենց կարծիքը հայտնեն, թե աշխատանքային խմբեր կձեւավորվեն, որոնք քաղաքի տարբեր թաղամասերում, շենքերում պտտվելու է, ես հիմա չեմ կարող ասել»,-ասաց Դավիթ Առուշանյանը:
Հարցին՝ ժողովրդավարություն է արդյոք այն, որ վարչապետը պարտադրում կամ «խնդրում է» պատգամավորին մանդատը վայր դնել, ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Թիմի առաջնորդի յուրաքանչյուր խնդրանք նորմալ է, նույնիսկ ներթիմային ժողովրդավարության դրսեւորում է, որ թմիի ղեկավարը կարող է խնդրել, որպեսզի թիմակիցներից որեւէ մեկը պաշտոնից ազատվի»:











