Երբ որ մենք փոփոխություններ ենք անում, բայց այդ փոփոխությունների պրոցեսում, պայմանական ասած, չենք հասնում ԴՆԹ մակարդակին, այդ փոփոխությունները տևական և ամբողջական չեն կարող լինել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, կառավարության նիստում ՀՀ օրհներգի մասին օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Դրանք կարող են տևել կարճ մի ամիս, երկու ամիս, մեծ ջանքեր գործադրելու դեպքում մի տարի, բայց խորքային մակարդակի փոփոխություններ չանելու դեպք դեպքում դրանք միևնույն է արտահայտվում են։
Իմ վարչապետության ընթացքում մինչև X պահը, պաշտոնական միջոցառումների ժամանակ, երբ հիմնը հնչում է, ես ուշադիր եմ, և շատ երկար ժամանակ ես չեմ հանդիպել ՀՀ օրհներքի նույն ձևի կատարման։
Չկա արագության ստանդարտ, այս տեմպի ստանդարտ, ընդհանրապես տևողության ստանդարտ, հնչողության ստանդարտ, ընդհանրապես տեխնիկական պարամետրերի ստանդարտ:
Մենք, օրինակ, որևէ միջոցառման կազմակերպման ընթացքում ջրին, գինուն, բաստուրմային սուջուխին ավելի մեծ նշանակություն և ուշադրություն ենք հրավիրում, քան օրհներգին, որովհետև օրհներգը ի՞նչ, YouTube-ում հազար հատ օրհներգ կա, մտնում ես, գրում ես Հայաստանի օրհներգ, Enter ես տալիս և օրհներգը հնչում է։ Եվ իմ անձնական փորձը այն է եղել, որ երբեք որևէ մեկը իրեն հարց չի տվել՝ լսեք, բա ի՞նչ օրհներգ է հնչելու, ո՞նց է հնչելու։ Սա մի ֆունդամենտալ խնդիր, որը, որը այս նախագծով մենք պիտի լուծենք»,-ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ բավական երկար ժամանակ տվել է հանձնարարական, որ իր մասնակցությամբ բոլոր միջոցառումներին օրհներգը պետք է հնչի կենդանի կատարմամբ և հասկանալիորեն որոշակի որակական ստանդարտին համապատասխան։
«Երկրորդը վերաբերվում է տեքստին: Տեքստի մեջ ոչ մի բառի փոփոխություն այս նախագծով չի առաջարկվում, առաջարկվում է միայն քառատողերի դասավորվածության փոփոխություն:
Ըստ էության, պետական արարողակարգային միջոցառումների ժամանակ արդեն բավականին երկար հենց այս տարբերակն է հնչում, ինչը կարող է նաև մեկնաբանվել որպես օրենքի որոշակի խախտում»,-ասաց նա:











