Կառավարությունն առաջարկում է արգելել ձմռանը ոչ ձմեռային անվադողերով երթևեկությունը։

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Կառավարության նիստի ժամանակ նկատեց, որ երկրում ձյան կամ հորդառատ տեղումներով պայմանավորված՝ գրանցվում են ՃՏՊ-ներ, որոնք մեծ մասամբ հետևանք են վարորդների կողմից եղանակային պայմաններին չհամապատասխանող անվադողերով երթևեկելու:

Ըստ այդմ՝ Կառավարությունն առաջարկում է ավելացնել նոր պայման՝ արգելվի տրանսպորտային միջոցների շահագործումը, եթե նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31 ներառյալ թեթև մարդատար ավտոմոբիլների վրա տեղադրված չլինեն ձմեռային անվադողեր։ Միաժամանակ, ամռանը կարգելվի «բութիկավոր» անվադողերով երթևեկելը։ Բացառություն կարվի 2024թ. համար, երբ այս կանոնը կգործի դեկտեմբերի 10-ից։

ՏԿԵ նախարարը նաև պարզաբանեց, որ համասեզոնային անվադողերը ձմեռային չեն համարվի. «Ոչ ձմեռային անվադողերը սահմանված կարգով ունեն առանձին մակնիշում»։

Նախարարը նաև ասաց, որ ձմեռային անվադողերն էլ պիտի մաշված չլինեն, ունենան 4մմ-ից ավելի բարձրություն։

Կանոնները խախտելու դեպքում տուգանքը կկազմի 5000 դրամ, իսկ եթե նման անվադողերով մեքենան հայտնվել է ավտովթարի մեջ, ապա տուգանքը կկազմի 20 000 դրամ:

Իր հերթին Նիկոլ Փաշինյանն ասաց. «Հանրապետությունում կան վարորդներ, ովքեր նաև ձմռանն ավտոմեքենաները վարում են ամառային անիվներով: Մենք վարորդների համար որոշակի լրացուցիչ ծախս ենք նախատեսում, բայց սա այն որոշումներից է, որ պետք է կայացնենք։

Ես ուզում եմ էլի իմ անձնական փորձը կիսել ձեզ հետ, ես սկզբունք դարձրեցի ինձ համար, որ իմ մեքենայի վրա պետք է նոյեմբերից լինի միայն ձմեռային անիվ։ Երբ ես իմ ընտանիքի անդամների հետ ձյունպատ ճանապարհին հայտնվեցի վթարային վիճակում, հասկացա, որ ընդամենը պատահականության բերումով էր, որ  ծանր հետևանքներ չունեցանք։

Չպետք է թույլ տանք, որ մեր քաղաքացները հայտնվեն վթարային վիճակում, կյանքի և մահվան վիճակում, որից հետո մենք այդ որոշումները կկայացնեն՝ք վիճակագրությունը հետադարձ ուսումնասիրելով»,- ասաց նա: