Հավաստիացնում եմ, որ որևիցե կոռուպցիոն բնույթի երևույթների հետ ոչ մի առնչություն չեմ ունեցել, իմ առաջնային խնդիրը հենց կոռուպցիայի դեմ պայքարն է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նորանշանակ ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը՝ անդրադառնալով տարածվող լուրերին, թե նրա անունը կապվում է կոռուպցիոն երևույթների հետ:
Նա նշեց, որ իրեն առաջին հերթին հետաքրքիր է իր գործառույթները պատշաճ կատարելը:
Հարցին՝ ինչի՞ց էր դժգոհ Նիկոլ Փաշինյանը, որ ազատեց Արգիշտի Քյարամյանին և երբ իրեն նշանակել է, չի՞ ասել, ի՞նչն էր խնդիրը, որ այդ խնդիրներն էլ ինքը չկրկնի, Պողոսյանն ասաց. «Յուրաքանչյուր պետական ծառայողի պաշտոնը երբևիցե հավերժ չէ, մի օր աշխատանքի ենք, պաշտոնավարում ենք և մի օր պետք է պատրաստ լինենք լքել այդ պաշտոնը: Ես պատրաստ եմ ծառայել երկրին, այնքան ժամանակ, քանի դեռ իմ կարիքը երկիրը, պետությունը և երկրի ղեկավարությունն ունի»,- շեշտեց նա՝ չբացառելով, որ մի օր էլ իրեն կարող են SMS-ով ազատել պաշտոնից:
Իսկ թե ինչո՞վ է ավելի լավ ծառայելու, քան Արգիշտի Քյարամյանն էր ծառայում, նա ասաց. «Աշխատանքը կգնահատվի լավ, թե վատ, դա հարաբերական է։ Աշխատանքը գնահատելու է հանրությունը: Ես ինքս իմ աշխատանքը երբեք չեմ գնահատելու, դա լինելու է տեսանելի և շոշափելի: Այսինքն, եթե հանրության շրջանում այդ արդարության զգացողությունը չլինի, բնականաբար, ուրեմն խնդիր կա:
Յուրաքանչյուր հուզող հարց, յուրաքանչյուր քրեական վարույթ, անկախ իր բնույթից, տեսակից, հնչեղությունից, բնականաբար Քննչական կոմիտեի նախագահի ուշադրության կենտրոնում է հայտնվելու և դա ունենալու է որևիցե տեսակի ավարտ։
Հիմա, ես պատրաստ չեմ այսօր կոնկրետ քրեական վարույթներ քննարկել ձեզ հետ, մանավանդ այս իրավիճակում: Ցանկացած գործ, բնույթը նշանակություն չունի, կարող է լինի խոշտանգման հետ կապված քրեական վարույթ, կարող է լինի սովորական կենցաղային վեճ և այլն, դա բնականաբար այդ բոլոր քրեական վարույթներն էլ հայտնվելու է մեր ուշադրության դաշտում և քրեական վարույթներով բնականոն և արդյունավետ նախաքննության ապահովման պարտականությունը կրում եմ արդեն ես»:
Արթուր Պողոսյանը հավաստիացրեց, որ ինքը ոչնչով կաշկանդված չէ:
Հարցին էլ՝ Հովիկ Աղազարյանի մասով գործ կա, որը հասել է քննչական կոմիտե և ասվում է, նա միջամտել է, փորձել է դիմել իր հետ կապված, նաև դա էր պատճառը, որ Քարամյանը դուրս եկավ, ի՞նչ գիտի այդ մասին, ՔԿ նորանշանակ նախագահն ասաց. «Այդ գործառույթի հետ չեմ առնչվել, այդ գործի հետ չեմ առնչվել»:
Ինչ վերաբերում է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ իր հարաբերություններին, նա ասաց. «Շատ նորմալ, բնական։ Համենայնդեպս իմ և գլխավոր դատախազի հարաբերությունները կառուցողական և աշխատանքային հարաբերություններ են: Դուք ո՞նց եք պատկերացնում գլխավոր դատախազ և գլխավոր դատախազի տեղակալ հարաբերությունները ձեր նշած բնույթը կրեն:
Այսօր որևիցե մեկը նեղ գերատեսչական շահով առաջնորդվելու իրավունք չունի։ Այսօր բոլորին առաջնորդելու է բացառապես պետական և հանրային շահը»:











