Երբ ես արտահայտում եմ ինչ-որ կարծիք, դրանք իմ ընկերներին հարվածի տակ են դնում, տարատեսակ կեղծ մանիպուլյացիոն մեկնաբանություններ են անում: Այս մասին այսօր՝դեկտեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:

«Օրինակ, ինձ ասում են՝ դուք եկել եք խորհրդարան, որ հանեք Նիկոլին: Ես էլ ասում եմ՝ չէ, ընկեր: Նրանք այդ «չէ, ընկեր»-ը կտրում են ու ասում՝ Գեղամ Նազարյանն ասաց՝ չէ: Ես ընդամենն ասում եմ, որ մենք Նիկոլ Փաշինյանին հեռացնելու խնդիր դրել էինք դեռ մինչեւ խորհրդարանական ընտրությունները եւ դրա համար ենք պայքարում, եւ դա բերեց նրան, որ հասանք արտահերթ ընտրությունների: Մենք հո չէի՞նք պայքարում, որ դառնանք ընդդիմություն խորհրդարանում եւ հասնենք նրա հրաժարականին:

Մենք ընտրություններին մասնակցել ենք, որ ձեւավորենք իշխանություն: Հիմա պարզվեց, որ դու ընդդիմություն ես լինելու եւ պետք էր որոշել՝ մանդատը վերցնում ես, թե ոչ:  Եթե դու մանդատը վերցնում ես, դու արդեն չես կարող ասել՝ ես խորհրդարան չեմ գնալու, նիստերին չեմ մասնակցելու, պատգամավոր չեմ: Եթե դու դա չես անելու, ավելի լավ է ասես՝ ես մանդատը չեմ վերցնում, ոնց որ վրացիները արեցին:

Բայց եթե վերցնում ես, դու պիտի համադրես երկու աշխատանք իրար հետ»,- ասաց Գեղամ Նազարյանը:

Նա հավելեց, որ եթե դու պատգամավոր ես, ապա պետք է նաեւ պատգամավոր աշխատես. «Ամոթ չի պատգամավոր աշխատելը: Իմ գործընկերներն ասում են՝ սիրելի, հարգելի Գեղամ, այդ մեկնաբանություններին տեղիք չտալու համար անընդհատ մի ասա, որ մենք նաև պատգամավոր ենք։ Ես էլ ասում եմ՝ չէ, եկեք մենք փորձենք այս հանրությանը բացատրել»:

Նա ընդգծեց, որ «ոմանց ակտիվ աշխատանքի» արդյունքում է, որ ինքը ստիպված պետք է անկախ պատգամավոր մնա՝ հավելելով, որ այդ մարդիկ իրենց ներսից չեն. «2022 թվականից սկսած ես նկատում եմ, որ իմ դեմ ֆեյսբուքյան գրառումներ են արվում և իրենց դեմքերով, և ֆեյքային գրոհներով, ընդ որում սուտ, կեղծ: Զոհված հերոս տղերքի  ծնողների որոշ խմբավորման միջոցով իմ դեմ պայքարում էին, սուտ լուրեր էին տարածում, ես լռում էի համեստորեն, ասում էի՝ լավ, այս փուլն էլ կանցնի, բայց եկավ, ծավալվեց, ծավալվեց: Ես մինչև հիմա չեմ հասկանում պատճառը, կարող է լինի մի քանի պատճառ: Անկեղծ ասած, ես էլ եմ փորձում հասկանալ, ո՞րն է պատճառը»: