Արտագաղթի համար մենք բերում ենք տարբեր պատճառներ սկսած՝ սոցիալական, իրավական անարդարություններից մինչև բիզնես միջավայր և այլն. այս բոլոր պատճառները, լինելով ճշմարիտ, պատճառների մաքսիմում 10-15 տոկոսն են: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եկեք խոստովանենք, որ արտագաղթի պատճառները 90 տոկոսով կապված են մեր վարած տարածաշրջանային քաղաքականության հետ: Արտագաղթի առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, վեցերորդ, յոթերորդ, ութերորդ, իններորդ, 10-րդ և 11-րդ պատճառը մեր կոնֆլիկտային հարաբերություններն են մեր միջավայրի հետ։ Այո, 12-ը կարող է լինել սոցիալական բարդությունը, բայց եկեք ասենք, որ այդ սոցիալական բարդությունների մի մեծ մասը կապված է կոնֆլիկտային միջավայրի հետ։
13-րդը կարող է լինել արդարության պակասը, բայց եկեք խոստովանենք, որ այդ արդարության պակասը նույնպես որոշ տեղերում և որոշակի չափով կապված է կոնֆլիկտային միջավայրի հետ, որովհետև մենք չենք խոսել այդ կոնֆլիկտային միջավայրում իրենց վրա շատ մեծ պատասխանատվություն վերցրած մարդկանց ներհասարակական, ներհայաստանյան պահվածքի, կարգավիճակի, քաղաքացիական կարգավիճակի մասին»,-ասաց նա:
Վարչապետը նշեց, որ շատերն ասում են՝ «հերոսներին վարկաբեկում եք». «Ես էլ ասում եմ՝ ո՞ր հերոսներին, որ ավտոմատով մտնում էին, ասում են հլը դավայ այստեղից, սա քոնը չէ այլևս: Մենք պետք է խոստովանենք, թե այս իրադրության պատճառով Հայաստանի քանի քաղաքացի է թողել գնացել, ասելով, որ այս երկրում արդարություն չկա, ապագա չկա և այլն»:











