Ես վստահ եմ որ Գեղամ Նազարյանը չէր դնի իր մանդատը, եթե նույնիսկ իրեն խնդրեին. այդ գիտակցումը եղել է և դրա համար են այդ լուծմանը գնացել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ գուցե Ռոբերտ Քոչարյանը ավելի ժողովրդավար է, որ չի պահանջել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանից դնել մանդատը, այլ որոշել են, որ դառնա անկախ պատգամավոր, մինչդեռ իրենք պատրաստվում են խմբակցությունից հեռացնել Հովիկ Աղազարյանին:

«Շատ-շատ մարդիկ 2021 թվականի ընտրություններին գնացել են «Հայաստան» դաշինքին ձայն են տվել, որովհետև Ռոբերտ Քոչարյանը և դաշնակցականները այդ մարդուն բերել էին որպես որդեկորույս հայր և էմոցիաների վրա շեշտ էին դրել և մարդիկ նաև ձայն էին տվել իրենց Գեղամ Նազարյանի գոյության, կորուստի, ելույթների, աշխատանքի շնորհիվ: Եվ բարոյական էլ չէ պարոն Նազարյանի պարագայում իրենից խնդրել, որ ինքը մանդատը վայր դնի։

Ես կարծում եմ, որ ՀՅԴ-ն փորձում է  այնտեղ իշխանությունը վերցնել և կամաց-կամաց այն մարդկանց, ովքեր որ դաշնակցական չեն, «Հայաստան» խմբակցությունից դուրս մղել, և դա մի հատ մեծ պլան է:

Իրենք հասկացան, որ մեր նկատմամբ ոչ մի բան չեն կարողանում անել, ընտրություններն էլ մոտենում են, որոշեցին այդպիսի բան անել: Կարելի է մտածել՝ իրենցից որևիցե մեկը իմ հետ գործուղման չի եկել, իմ հետ հաց չի կերել, իմ հետ չի նկարվել»,-ասաց Ալեն Սիմոնյանը: