«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Գյումրիում սպասվող քաղաքապետի նախնական ընտրություններին։
«Լինելու են շրջիկ խմբեր, որոնք առավոտյան դուրս են գալու և թակելու են գյումրեցիների դռները և առաջարկելու են թեկնածուներից որևէ մեկին, որին վարչապետը կնշանակի Գյումրու ժամանակավոր պաշտոնակատար։ Գործընթացը տեղի է ունենալու հարցումների տրամաբանությամբ»,- ասաց նա։
Վերջինիս խոսքով՝ նպատակ կա գործընթացը կազմակերպել հնարավորինս անկանխատեսելի, որի շնորհիվ զերծ կմնան թեկնածուների ներգործության գործընթացից. «Հնարավորինս թափանցիկությունը կապահովենք։ Հուսանք՝ հնարավորինս շատ գյումրեցիներ կմասնակցեն գործընթացին: Հասկանում ենք, որ ժամանակավոր պաշտոնակատարին վարչապետը կարող էր հայեցողությամբ նշանակել, բայց ճիշտ ենք համարում, որ քաղաքացիներից հարցնենք, թե ո՞ւմ են նրանք նախընտրում նշանակել ժամանակավոր պաշտոնակատար»։
Ըստ պատգամավորի՝ թեկնածուներին վարչությունը ընտրել է ֆիլտրման միջոցով. «Բնականաբար, նաև քաղաքական հայեցողության սկզբունքով, և որոշ դրվագներ կային տվյալ թեկնածուների կենսագրությունում, որոնք չէին բխում քաղաքապետի թեկնածու լինելու տրամաբանությունից»։
Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկայում Գյումրիում տեղի կունենան նախնական քվեարկություններ, կամ նախնական ընտրություն՝ բացատրելով դրա իմաստը:
«Մենք կխնդրենք ՔՊ անդամների, համակիրների, համախոհների շրջանակից առաջադրվեն կամ ինքնառաջադրվեն թեկնածուներ, նրանց որոշակի չափանիշներով կգրանցենք, ոմանց գրանցումը հնարավոր է մերժենք, այստեղ զուտ քաղաքական հայեցողության չափանիշ է գործելու, որից հետո մենք Գյումրու բնակիչների շրջանում, իհարկե, ոչ բոլորի, որոշակի սկզբունքով, ինչ-որ առումով նաև պատահականության սկզբունքով կիրականացնենք քվեարկություն և դրանց արդյունքներով հաղթած թեկնածուհին կնշանակենք Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար, որը մեծ հավանականությամբ կլինի նաև մեր թեկնածուն Գյումրիի քաղաքապետի կամ ավագանու առաջիկա ընտրություններում»,- ասել էր երկրի ղեկավարը:
ՀՀ վարչապետը դեկտեմբերի 3-ի ուշ երեկոյան էլ հայտնել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության որոշմամբ՝ Գյումրիի քաղաքապետի նախնական ընտրություններին կմասնակցեն քաղաքապետի պաշտոնակատարի հետևյալ թեկնածուները՝ Լևոն Անանյան, Դավիթ Առուշանյան, Շավարշ Արամյան, Էմմա Բարսեղյան, Սարիկ Մինասյան, Վահագն Մկրտչյան, Կարեն Սարուխանյան։











