«Ակնհայտ է, որ ավտոբուսների ոլորտում եղել է ստվեր, և ինձ համար ակնհայտ է, որ Երևանի քաղաքապետարանը շատ գործուն և կոնկրետ միջոցներ է ձեռնակրել այդ ստվերը կրճատելու համար»։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին կառավարության հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին այն մասին, թե ինչպե՞ս է ստացվում, որ դատախազությունը քրեական գործ է հարուցում ավտոբուսի այն վարորդների նկատմամբ, որոնք բարձրաձայնել էին իրենց աշխատանքային իրավունքների խախտումների մասին։
«Չեմ համարձակվի ենթադրել, թե աշխատավոր վարորդներն այդ ստվերից օգտվող թիվ մեկ շահառուներն են եղել, ո՛չ իհարկե, որովհետև դա, ըստ ամենայնի եղել է համակարգված մեխանիզմ։ Հիմա էդ ինչ–որ մարդկանց կերակրատաշտը կտրվել է, և պարզ է և այդ մարդիկ ավտոբուսների վարորդները չեն, բայց չգիտեմ էլ՝ ովքեր են։ Պարզ է, որ պետք է լինի կարգուկանոն, սա ստվերի դեմ պայքար է։ Ինչ վերաբերում է աշխատանքային իրավունքներին, միանշանակ, մարդկանց աշխատանքային իրավունքները պետք է պաշտպանել և զարգացնել»,–ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ հանրային տրանսպորտի սպասարկմանը որակը վերջին տարիներին առկա լուրջ խնդիր է։











