44-օրյա պատերազմը դարձավ նոր սերնդի առաջին պատերազմը, և այդ պատերազմներն այդ ժամանակվանից չեն դադարել։ Փաստորեն, այդ պատերազմն առաջին նշանն էր։ Այս մասին ԱՐԱՐ հիմնադրամի հիմնադրման 10-ամյակին նվիրված գիտաժողովի ժամանակ հայտարարեց հիմնադրամի տնօրեն, համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։

Նրա գնահատմամբ՝ հայ հասարակության մի մասը կարծում է, որ Հայաստանի պաշտպանությունն իր խնդիրը չէ, և նման մտածելակերպը խնդիր է։

«Այս մարդիկ կարծում են, որ այս խնդրով պետք է զբաղվեն պայմանագրային զինծառայողները, Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ը և այլն։

Հայաստանում 10%-ով ավելի շատ տղա է ծնվում, քան աղջիկ։ Ընդ որում, 18 տարեկանից հետո տարիքային խմբում աղջիկները 15%-ով ավելի շատ են, քան տղաները։ Դա պայմանավորված է նրանով, որ այս տարիքի յուրաքանչյուր հինգերորդ երիտասարդը արտագաղթում է երկրից, քանի որ նրանց ծնողները կարծում են, որ Հայաստանում մնալն անվտանգ չէ։ Այս մտածելակերպը պետք է փոխվի և բոլորը միանան հայրենիքի պաշտպանությանը։ 44-օրյա պատերազմին հաջորդած հայկական կողմի պարտության պատճառներից մեկը մոբիլիզացիայի ձախողումն էր»,- հավելել է Չալաբյանը։

Նա նշել է, որ հիբրիդային ճանապարհով կարողացել են փոխել հայ հասարակության մտածելակերպը՝ սերմանելով «ամեն գնով խաղաղության» գաղափարը, ինչը հավասարազոր է պարտության։

«Շուտով մենք լուրջ ընտրության առաջ ենք կանգնելու՝ դիմակայել սպառնալիքներին, մեր անվտանգությունը պատվիրակել արտաքին ուժերին կամ լքել երկիրը։ Հայաստանը կարող է կրկնել Արցախի ճակատագիրը, մենք սա պետք է հասկանանք. Ուստի շատ կարևոր է երկրի համապարփակ պաշտպանություն կազմակերպելու գաղափարի առաջացումը»,- ընդգծել է նա։