«Հիմա ասում է՝ եթե երկու տարի էլ Հայաստանը եղավ, կլինի հավերժ: Այդ երկու տարին հենց ընտրական ժամանակահատվածի վրա է ընկնում»: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Թևան Պողոսյանը՝ խոսելով այն մասին, որ ներկայիս իշխանությունը պատրաստվում է գալիք ընտրություններին:

«Այդ նախադասությունն ասելու օրվանից նա իր նախընտրական ծրագիրն է իրականացնում: Այսինքն ասում է՝ մինչև այդ կարող է չեմ կարողացել ոչինչ անել, բայց եթե ինձ պահեք, լավ կլինի: Այլ խնդիր է՝ նրանք, ովքեր գնալու են որոշում կայացնելու, այդպե՞ս են ընդունելու որոշումը: Մինչև այդ նախկիններն էին... մի պարզ գիտակցություն կա. ցանկացած իշխանություն 100 օր հետո դառնում է նախկին, աշխարհում է դա ընդունված, 100 օր են տալիս ու դրանից հետո քեզնից են պահանջում: Տեսնես հայ ազգի մեջ կգա՞ այդ գիտակցությունը, որ արդեն քանի հարյուր օր է անցել, այլևս պետք է մոռանալ մնացած ամեն ինչ»,-հավելեց Թևան Պողոսյանը:

Հարցին, թե ինչու՞ հանրությանը ընտրության այլընտրանքային տարբերակներ չեն առաջարկվում, հասարակական-քաղաքական գործիչը պատասխանեց.

«Մենք ունենք հարյուրից ավելի կուսակցություն, սա նշանակում է, որ կուսակցության գաղափարը մեզ համար չի եղել արժեքային դաշտ, այլ բիզնես նախագծի մի մաս: Ամեն ինչ մի կողմ դնենք՝ դու ես չէ՞,օրինակ, ստորագրել, որ միանում ես այդ կուսակցությանը, բա էլ ումի՞ց ես ուզում ծրագիր, առաջինը ինքդ քեզնից պետք է պահանջես»:

Մանրամասները՝ տեսանյութում: