Երեխան գիտակցում է, որ իրեն պետք է ծնողները պաշտպանեն, բայց երբ սեռական բռնության դպքում ծնողները անգործություն են դրսևորում, ակամա ստացվում է, որ երեխան այլևս պաշտպանության որևիցե հնարավոր տարբերակ չունի, նա ընդամենը ընդունում է իր ճակատագիրը և ասում է՝ ես պետք է համաձայնվեմ։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 20-ին, «Ընդդեմ երեխաների սեռական բռնության եվ շահագործման» թեմայով ասուլիսի ժամանակ նշեց Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային փորձագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Դավիթ Թումասյանը՝ անդրադառնալով նրան, որ շատ դեպքերում մեղադրվում է ինքը զոհը, որ իր հետ նման բան է պատահել:
«Երեխաները սպունգ են և շատ արագ կլանում են այն տեղեկատվությունը, որը կա մեր շուրջբոլորը։ Սեռական բռնության ենթարկված երեխան կարող է ընդամենը լսի իր ծնողի հեռախոսային խոսակցությունը, ծաղկաքաղ անի այն տեղեկատվությունը, որը իրեն անհրաժեշտ է և հետագայում դա օգտագործի իր մտքերը ասելու համար։ Օրինակ, ծնողը հեռախոսով խոսելու ժամանակ ասում է՝ խայտառակ ենք եղել, հիմա այսպիսի գործ են հարուցել, միակ փրկությունն այն է, որ որ իրենք հաշտ-համերաշխ ապրեն, որ մենք բոլորին ասենք, դե ամուսինը սիրել է, հիմա որևիցե խնդիր չկա։
Եվ երբ երեխայի մոտ արդեն ենթագիտակցության մեջ ձևավորվում է այդ կարծրատիպը, որ միակ փրկությունը նա է, որ ինքը պետք է այդ տղամարդուն ընդունի որպես իր ամուսին, հակառակ դեպքում պախարակվելու է, որպեսզի իր ծնողները չամանչեն, ինքը կարողանա իրեն հասարակության լիարժեք անդամ զգա, իր մոտ այլընտրանքի բացակայություն է ձեւավորվում:
Բայց տվյալ պարագայում մենք իրոք երեխայի ճակատագրի հետ խաղում ենք, որովհետև մենք հնարավորություն չենք տալիս երեխային ոչ միայն ձևավորվել և զարգանալ ամբողջությամբ, այլ նաև իր ճակատագիրը որոշելու»,- հայտարարեց Թումասյանը:
Անդրադառնալով տեսակետին, որ շատերն ասում են՝ հենա, նայեք, լավ ընտանիք են կազմել, շատ լավ մարդ է դարձել այդ 14 տարեկան երեխան, որ ծննդաբերել էր, նա ասաց. «Բայց մենք ինչի՞ հետ ենք համեմատում։ Մենք չգիտենք՝ ինչ կլիներ այդ երեխայի հետ եթե այդ դեպքը չլիներ: Համեմատում ենք, որ ինքը հիմա ապրում է իր այդ չակերտավոր հանցագործ ամուսնու հետ, որի հետ ունեն համատեղ երկու երեխա, կարող է ինքը հիմա լիներ շատ լավ բիզնես լեդի և ունենալ չորս երեխա, որովհետև ոչ թե երկուսին պահելու գումար ունենային, այլ չորս երեխա պահելու, ապրեր ոչ թե գյուղական վայրում, այլ ունենար պենթհաուս նորակառույցում։ Դրա համար այդ համեմատությունները, որ ասում ենք՝ ինքը վատ մարդ չի մեծացել, մենք այլընտրանքը չգիտենք»:











