«Երբ տղաներս բանակ գնացին, այդ տարվանից արդեն Նոր տարի չէի անում, սեղան չէի սարքում, որովհետև մենակ էի։ 2023 թվականի հունվարի 1-ին տղաները երկուսն էլ պոստերում էին։ Ամբողջ օրը մտածում էի՝ ինչքան վատ է, երբ մարդը մենակ է լինում։ Խնդրում էի Աստծուն, ասում էի՝ հանկարծ ինձ չնեղացնես, փաստի առաջ չկանգնացնես, թո՛ղ սա վերջին տարին լինի, որ ես մենակ եմ։ Բայց նենց բան արեց, որ ինչքան ապրեմ, մենակ ապրեմ»։ Արցախյան վերջին պատերազմում զոհված Արսեն և Սամվել Ստեփանյանների մայրը՝ Ալլա Աբրահամյանը NEWS.am–ի հետ զրույցում պատմում է որդիների կորստի, չամոքվող ցավի ու այն մասին, թե ինչպիսին է կյանքը նման անդառնալի կորստից հետո։
Ամանորին, ասում է տիկին Ալլան, միշտ սիրով է պատրաստվել, սակայն վերջին երկու տարիներին այլևս չի ցանկանում անգամ մտածել այդ մասին։
«Տոնածառը ինձ համար միշտ ինչ–որ լավ բանի խորհրդանիշ էր, միշտ դնում էի։ 2020 թվականին հորաքրոջս աղջկա տղան մահացավ, մեզ համար արդեն ամեն ինչ մռայլ էր։ Ասացի՝ Սամո, եկե՛ք այս տարի ոչ մի բան չանենք, մենակ տոնածառ դնենք։ Ասաց՝ մամ, քանի՞ տարեկան պիտի լինես, որ էլ տոնածառ չդնես։ Ասի՝ մեռնելիս էլ լինեմ, տոնածառը դնելու եմ, նոր մեռնեմ։ Հիմա արդեն աչքիս գրողն ա դառել էդ տոնածառը»,–ասում է նա ու նշում, ցավի հետ համակերպվել չի կարողանում, ու երևի թե չի էլ փորձում. ամբողջ օրը տանն է անցնում՝ որդիների նկարներով շրջապատված։
«Չեմ կարողանում ուրիշ տեղ մնալ, այստեղ իրենք տանն են, ես զգում եմ նրանց ներկայությունը։ Դրա համար չեմ ուզում տնից դուրս գալ, չեմ ուզում կտրվել այս ամեն ինչից, ուզում եմ սրա մեջ ապրել, որ զգամ իրենց ներկայությունը»,–պատմում է տիկին Ալլան։
Վերջին օրերին, տիկին Ալլայի խոսքով, հատկապես դժվար է տնից դուրս գալն ու ամանորյա անհոգ եռուզեռը տեսնելը ։
«Մարդիկ անհոգ պատրաստվում են ամանորին, տոնածառի լույսեր են վառում, համերգներ են անում։ Էլի ապրեն, բայց մի քիչ զուսպ ապրեն, որովհետև իրենց կեսը սգավոր է։ Գոնե այնպես անեն իրենց ուրախությունը, որ մեզ համար այդքան ցավոտ չլինի»,–ասում է նա։











