Ուկրաինական FEMEN շարժման ակտիվիստուհիները վերադարձել են տուն` Կիեւ: Նրանք Կիեւ են ժամանել Ուկրաինայի ԱԳՆ ներկայացուցչի մեքենայով: Այս մասին Facebook-ի իր էջում հաղորդել է բելառուսցի լրագրող Յուլյա Դորոշկեւիչը: «Վերջ, աղջիկներին տարան հյուպատոսության մեքենայով, իսկ  մենք Մինսկում ենք, տանը: Աղջիկները եւս տանն են` Կիեւում»,-գրել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ուկրաինական FEMEN շարժման ակտիվիստուհիները դեկտեմբերի 19-ին Մինսկում ԿԳԲ-ի շենքի դիմաց բաց կրծքերով ակցիա են կազմակերպել` ի պաշտպանություն Բելառուսի բանտերում պահվող քաղբանտարկյալների:

Ակցիան իշխանությունները ցրել են, իսկ դրա մասնակից աղջիկներին ձերբակալել: Նույն օրը երեկոյան FEMEN-ը հայտարարել է, որ իրենց կազմակերպության անդամներ Օքսանա Շաչկոն, Ալեքսանդրա Նեմչինովան, ինչպես նաեւ Ավստրալիայի քաղաքացի Քիթի Գրինը անհետացել են:

Այնուհետեւ տեղեկություն ստացվեց, որ նրանց տարել ու բաց են թողել Գոմելյան անտառում: Աղջիկները պնդում են, որ իրենց ծեծել են, ծաղրել, յուղ են լցրել վրաները եւ սպառնացել այրել, նաեւ կտրել են մազերը:

Բելառուսի իրավապահները հրաժարվում են մեկնաբանել տեղի ունեցածը, գրում է Polit.ru-ն: