Նալբանդյան 106/1 հասցեում, որտեղ մի շարք շենքերի բակում հերթական «էլիտար» շենքն են կառուցում, այսօր դեկտեմբերի 24-ի առավոտյան տեխնիկա է մտցվել, որը սկսել է հողահանում կատարել: Այս մասին NEWS.am-ի խմբագրություն ահազանգեցին նշված հասցեի բնակիչները:
Բնակիչները ահազանգել էին նաեւ «Մեր քաղաքը» նախաձեռնող խմբին եւ պատկան մարմիններին: Տեղում, երբ սկսել է աշխատել տեխնիկան, բնակիչները փակեցին ճանապարհը եւ չթողեցին հողահանում իրականացնել: Մեքենան ստիպված էր հողը լցնել փոսը:
Բնակիչների ահազանգով դեպքի վայրում էր նաեւ ԱԺ «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանը: Մեր այցելության ժամանակ նա զրուցում էր տարածքի սեփականատիրոջ հետ, ով պատգամավորին փոխանցեց, որ ինքը ցանկանում էր Հայաստանի համար մի լավ բան անել, եւ ընդհանրապես կապ չունի կառավարության որոշումը իր հետ է, թե ոչ: Անահիտ Բախշյանը նրան հակադարձեց, որ լավ բանը մանկապարտեզ քանդելով չեն անում: Պատգամավորը նաեւ պատրաստվում է հանդիպել տարածքի սեփականատիրոջ հետ եւ նրան փոխանցել տարածքի բնակիչների պատգամը, որպեսզի այս խնդիրը որեւէ կերպ հարթվի:
Ի դեպ, բնակիչները պատմում են, որ աշխատանքները ինտեսիվ կերպով կատարվում են շաբաթ եւ կիրակի օրերին, քանի որ այդ օրերին պատկան մարմինները չեն աշխատում եւ, որեւէ տեղ ահազանգել հնարավոր չէ:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Նալբանդյան 106 հասցեում գտնվող, նախկինում ՆԳՆ-ին պատկանող մանկապարտեզի շուրջ 9 հազար ք/մ տարածքը ցանկապատվել է, և սկսվել են շինարարական աշխատանքներ`վտանգելով բազմամյա հաստաբուն ծառերն ու կանաչապատ տարածքը: «Ժառանգություն» խմբակցությունը պահանջել էր քրեական գործ հարուցել Սայաթ Նովա պողոտա, Նալբանդյան, Ա.Պետրոսյան եւ Թումանյան փողոցներով պարփակված բակային տարածքում (Նալբանդյան 106/1 հասցեում տեղակայված, նախկինում Ոստիկանության հաշվեկշռում գտնված մանկապարտեզի տարածքում) իրականացված ապօրինությունների փաստերի առնչությամբ:











