Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականության փոփոխությունը շատ դրական զարգացում է Հայաստանի համար, որովհետև, ի վերջո, Ռուսաստանը Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերն է, և Հայաստանն ունի շատ ամուր պատմական կապեր Ռուսաստանի հետ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱՄՆ «Հայ մշակութային և գիտական ընկերակցության» անդամ Քրիստինե Առաքելյանը:

«Ուստի, ես կարծում եմ, որ սա հնարավորություն է Հայաստանի համար՝ դրական ձևով աշխատելու թե՛ Միացյալ Նահանգների, թե՛ Ռուսաստանի հետ։ Հիմա, այս պահին ամենակարևոր բանն այն է, որ Փաշինյանն իրականում կողմնորոշվում է դեպի հիմնական եվրոպական երկրներ, ինչպիսիք են Ֆրանսիան և Գերմանիան, ի տարբերություն Միացյալ Նահանգների։ Որովհետև հիմա հավաքական Արևմուտքում կա պառակտում Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում։

Այսպիսով, երբ Փաշինյանը փաստորեն հանրաքվե է անցկացնում ԵՄ անդամակցության մասով, դա չի համապատասխանում ԱՄՆ ռազմավարությանը։ 

Հայաստանում հռետորաբանությունը պետք է փոխվի։ «Հայաստանը շրջվում է դեպի Արևմուտք» գաղափարը պետք է փոխվի։ Հայաստանը պետք հստակեցնի՝  գնում է ԱՄՆ-ի ուղղությա՞մբ, թե՞ ԵՄ-ի և Բրյուսելի ուղղությամբ։

Որովհետև դրանք Արևմուտքի երկու ամբողջովին տարբեր ուղիներ են, և այս պահին դրանք չեն համընկնում:

Հիմա հարցն այն է՝ արդյո՞ք Փաշինյանի վարչակազմն ընդհանրապես գիտակցում կամ հասկանում է, որ դեպի Արևմուտք ձգտելու հռետորաբանությունն այլևս իմաստ չունի՝ հաշվի առնելով, որ Արևմուտքում արդեն կա պառակտում Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցի շուրջ»,-ասաց նա:

Քրսիտինե Առաքելյանի համոզմամբ՝ անխոհեմություն կլիներ, եթե Հայաստանը այդ հնարավորությունից չօգտվեր. «Խնդիրն, անկեղծ ասած, այն է, որ Փաշինյանը չունի իրական քաղաքական հեղինակություն կամ վստահելիություն Թրամփի վարչակազմի համար»:

Նա նկատեց, որ եթե Ռուսաստանի ամբողջ ուշադրությունը կենտրոնացած չլինի Ուկրաինայի ուղղությամբ, դա թույլ կտա Ռուսաստանին ընդլայնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում։

«Արարատ Միրզոյանը վերջին մեկ-երկու ամսվա ընթացքում մի քանի անգամ զրուցել է Լավրովի հետ, իսկ Փաշինյանն ու Պուտինը խոսում են միմյանց հետ։ Սա, իմ կարծիքով, արտացոլում է այն փաստը, որ նրանք գիտակցում են, որ առաջիկայում ստիպված են լինելու ունենալ բավականին լավ հարաբերություններ Ռուսաստանի հետ:

Բայց ես մի բան կասեմ, որը, կարծում եմ, Թրամփի վարչակազմում չի քննարկվում, բայց պետք է քննարկվի։ Փաստն այն է, որ այն, ինչ ԱՄՆ-ն պետք է անի Հարավային Կովկասում, ուժերի հավասարակշռություն ստեղծելն է ռուսական և թուրքական շահերի միջև։ Այս պահին դա չի արվում։ Հետևաբար, եթե Թուրքիան և Ադրբեջանը վերահսկեն խաղաղության խաչմերուկը կամ Զանգեզուրի միջանցքը՝ անկախ նրանից, թե ինչ տերմինաբանություն ենք նախընտրում օգտագործել, դա հակասելու ինչպես ռուսական, այնպես էլ իրանական շահերին։

Եվ դա, ըստ էության, նշանակում է, որ ԱՄՆ-ն այլևս չեզոք դերակատար չէ։ ԱՄՆ-ն իրականում կողմ է ընտրում։ Պետք է հարց տալ՝ եթե ԱՄՆ կառավարության նպատակը Ռուսաստանին և Չինաստանին միմյանցից հեռացնելն է, ապա դա ինչպես՞ է հնարավոր, երբ թուրքական, ադրբեջանական և չինական շահերը տարածաշրջանում համախմբվում են՝ Վրաստանի համագործակցությամբ։

Սա վարչակազմի կողմից իսկապես լավ չի հաշվարկվել, և կրկին, կարծում եմ, որ հիմնականում դա այն պատճառով է, որ Հարավային Կովկասը դիտարկվել է որպես երկրորդական հարց, այլ ոչ թե ռազմավարական առաջնահերթություն»,- հայտարարեց նա: