Ադրբեջանում` Բաքվում Նախիջեւանի ներկայացուցչության շենքի առջեւ, այսօր` դեկտեմբերի 30-ին բողոքի ակցիա է կազմակերպվել` ընդդեմ Նախիջեւանի Գերագույն խորհրդի նախագահ Վասիֆ Թալիբովի քաղաքականության: Ակցիան անցկացվել է «Վասիֆ Թալիբով, հեռացիր», «Մենք ազատություն ենք ցանկանում» կարգախոսներով, գրում է ադրբեջանական «Ազադլըգ» թերթը: Ցուցարարները դժգոհություն էին հայտնում հատկապես «Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության» անդամ Զեյնալ Բաղիրզադեի ձերբակալության առթիվ: Ակցիային միջամտել են ոստիկանները, կան ձերբակալվածներ, այդ թվում ԱԺՃԿ-ի փոխնախագահ Ասեֆ Գուլիեւը, կուսակցության անդամներ Օրհամ Ջարչիեւը, Սահիբ Հուսեյնլին եւ այլոք:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել է, որ Նախիջեւանի քաղաքացիական շարժման ակտիվիստներից մեկը` Զեյնալ Բաղիրզադեն, դեկտեմբերի 26-ին Նախիջեւանի քաղաքացիական դատարանի որոշմամբ ձերբակալվել է երեք ամիս ժամկետով: Ձերբակալման հիմք է ծառայել նրա դեմ հարուցված քրեական գործը` հետեւյալ հոդվածներով` 178.3.2 (խարդախություն), 310 (պաշտոնատար անձի լիազորությունների չարաշահում), 320.2 (կեղծ փաստաթղթերի կիրառում):


















