Նախիջեւանի քաղաքացիական շարժման ակտիվիստներից մեկը` Զեյնալ Բաղիրզադեն, դեկտեմբերի 26-ին Նախիջեւանի քաղաքացիական դատարանի որոշմամբ ձերբակալվել է երեք ամիս ժամկետով: Այդ մասին հաղորդում է «Թուրան» գործակալությանը:
Աղբյուրի համաձայն, ձերբակալման հիմք է ծառայել նրա դեմ հարուցված քրեական գործը` հետեւյալ հոդվածներով` 178.3.2 (խարդախություն), 310 (պաշտոնատար անձի լիազորությունների չարաշահում), 320.2 (կեղծ փաստաթղթերի կիրառում): Դատավոր Մեհման Դունյամալիեւը առանց որեւէ բացատրության փակ լսումներ է կազմակերպել եւ դահլիճից դուրս հրավիրել լրագրողներին եւ դատապարտյալի հարազատներին:
Ինչ վերաբերում է մեղադրանքներին, ապա իշխանությունները պնդում են, որ Բաղիրզադեն կիրառել է կեղծ փաստաթղթեր եւ թոշակ է ստացել որպես Չեռնոբելի աղետի վետերան: Սական Բաղիրզադեն իսկապես մասնակցել է այդ վթարի չեզոքացման աշխատանքներին եւ ոչինչ էլ չի կեղծել: «Դա տեղի է ունեցել 1986-ին, դրանից հետո ես թոշակ եմ ստացել, ինչո՞ւ դրա մասին նոր միայն հիշեցին, 25 տարի անց»,-ասել է Բաղիրզադեն դատարանում: Նրա խոսքով, իրեն հետապնդում են քաղաքական գործունեության համար եւ մասնավորապես այն բանի համար, որ ինքը ղեկավարել է Ադրբեջանի Հասարակական պալատի Նախիջեւանյան ներկայացուցչությունը: Մինչ այդ Զեյնալ Բաղիրզադեն եւ նրա եղբայրը կազմակերպել են Նեխրամի բնակիչների բողոքի ակցիաները, որոնց զրկել էին ջրից: Ի պատասխան` ոստիկանությունը եղբայրներին ծեծի եւ վարչակական կալանքի է ենթարկել:




























