Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը, սակայն պատերազմի ավարտից հետո վերջինիս սահմանները կարող են փոխվել, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Կարծում եմ՝ մենք սա ավարտին կհասցնենք, կարծում եմ՝ դա տեղի կունենա, և արդյունքում Ուկրաինան մի փոքր այլ ուրվագիծ կունենա», — ասել է Սպիտակ տան ղեկավարը CBS News-ին տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ պատերազմը «շուտով կավարտվի», իսկ «միակ պատճառը, որ այն կավարտվի, ես եմ»։ Լրագրողի այն հարցին, թե արդյոք Վլադիմիր Պուտինն իրեն քթից չի բռնած ման տալիս, Թրամփը պատասխանել է. «Ոչ, չեմ կարծում»։
Միաժամանակ Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ մարտական գործողությունների դադարեցման խոչընդոտ է մնում Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու միջև «մեծ ատելությունը»։ «Նրանց առաջին հանդիպման ժամանակ Ռուսաստանի նկատմամբ հսկայական անհարգալից վերաբերմունք է դրսևորվել», — ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ չմանրամասնելով։ Պուտինն ու Զելենսկին առաջին և միակ անգամ հանդիպել են Փարիզում՝ «նորմանդական ձևաչափով», 2019 թվականի դեկտեմբերին։ Բանակցությունները տևել են ավելի քան մեկ ժամ, որից 5–10 րոպեն երկու երկրների ղեկավարները զրուցել են առանձին։ Դրանից հետո ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել էին, որ Զելենսկին պահանջել է արդեն համաձայնեցված փաստաթղթից հանել Դոնբասում շփման գծի երկայնքով զորքերի հետքաշման մասին դրույթը։
Պատերազմի շուտափույթ ավարտի մասին Թրամփի հայտարարությունը հնչել է ԱՄՆ միջնորդությամբ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների նոր փուլի մեկնարկի նախօրեին։ Եռակողմ գագաթնաժողովը պետք է տեղի ունենա նոյեմբերի 10–11-ին Աբու Դաբիում։ Կրեմլում հայտնել էին, որ բանակցությունները նվիրված են լինելու անվտանգության երաշխիքների հարցերի քննարկմանը։
Մինչ այդ ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշները հայտնել էր, որ Վաշինգտոնը Ուկրաինայի, ՆԱՏՕ-ի և եվրոպացի գործընկերների հետ «արդյունավետ և բովանդակալից» բանակցություններ է անցկացրել Կիևի համար անվտանգության երաշխիքների և եվրոպական անվտանգության ճարտարապետության շուրջ։ Նա նաև հայտնել էր, որ ԱՄՆ-ն Ուկրաինայի և Ռուսաստանի հետ աշխատում է «լուրջ առաջարկների» վրա, որոնք թույլ կտան եռակողմ բանակցությունները դարձնել «առավելագույնս բովանդակալից և արդյունավետ»։
Միևնույն ժամանակ եռակողմ հանդիպմանը ռուսական պատվիրակությունը կգլխավորի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, որին անվանում են «կոշտ գծի կողմնակից»։ Անցյալ տարվա հունիսին Թուրքիայում ուկրաինական կողմի հետ հանդիպումներից մեկից հետո նա հայտարարել էր, որ պատերազմն ավարտելու համար Ուկրաինան պետք է ընդունի Մոսկվայի պայմանները և հրաժարվի Արևմուտքի հետ ինտեգրումից, ինչպես նաև պնդել էր, որ Ռուսաստանը պատրաստ է պատերազմել «այնքան, որքան կպահանջվի»։




























